Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին պատգամավորական անձեռմխելիությունից զրկելու միջնորդություն այս պահին ներկայացված չէ, «Ազատությանը» հայտնել են Գլխավոր դատախազությունից:
Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համար նախ պետք է Ազգային ժողովի համաձայնությունը:
Իրավապահներն այսօր խուզարկություններ են իրականացրել տնային կալանքի տակ գտնվող գործարար Սամվել Կարապետյանի և նրա եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի առանձնատներում, ինչպես նաև Կարապետյանների հետ կապված ավելի քան վեց տասնյակ այլ հասցեներում:
Առանձնատան խուզարկությունից հետո Սամվել Կարապետյանին տեղափոխել են Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն: Առայժմ պարզ չէ Կարապետյանի կարգավիճակը և արդյոք նրան կալանավորելու միջնորդություն կա: Քննչական կոմիտեն ժամեր շարունակ տեղեկատվություն չի տրամադրում:
Միլիարդատեր գործարարն արդեն իսկ մեղադրյալ իշխանությունը զավթելու հրապարակային կոչի, փողերի լվացման, հարկերից խուսափելու և խարդախության հոդվածներով: Այս գործն արդեն դատարանում է: