«Փոխվարչապետը կբացատրի». Մակունցը պաշտոնյաների աշխատավարձերի զգալի բարձրացման մասին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը խորհրդարանում, 3-ը հոկտեմբերի, 2026 թ.

Խորհրդարանում բյուջետային քննարկումներին մասնակցող վարչապետի աշխատակազմի ղեկավարն այսօր հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցին, թե արդյո՞ք արդարացված է համարում իր և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձի շեշտակի բարձրացումը:

«Ինչ վերաբերում է աշխատավարձերի բարձրացման տրամաբանությանն ու քաղաքականությանը, երբ քննարկումներ տեղի ունենան և այդ նախագիծը շրջանառության մեջ լինի, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ով նախագծի հեղինակն է, մանրամասն կներկայացնի»,- ասաց Լիլիթ Մակունցը:

Կառավարությունն այս տարվա սեպետեմբերին պետական բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնելու որոշում ընդունեց։ Ակնկալվում է, որ այս նոր համակարգը կգործի 2027-ի հունվարի 1-ից, երբ նախագիծն օրենք դառնա։

Նոր նախագծով աշխատավարձերի էական բարձրացում է սահմանվում։ Օրինակ, նախագահի աշխատավարձը կկրկնապատկվի՝ 1.5 միլիոնից դառնալով 2.6 միլիոն։ Վարչապետի աշխատավարձը ևս կդառնա 2.6 միլիոն։

Նախարարների ամսական աշխատավարձը կմոտենա 2 միլիոն դրամի՝ 998 000 դրամի փոխարեն, փոխվարչապետերն էլ ամսական կվարձատրվեն ավելի քան 2.1 միլիոն դրամի չափով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Ինչքան բարձր լինի, այնքան մեզ կմոռանան». միլիոնանոց աշխատավարձեր՝ կոռուպցիան զսպելու համար

Պատգամավորների աշխատավարձերը ևս կբարձրանան. այժմ նրանց աշխատավարձը կազմում է 832 000 դրամ, փոփոխությունների արդյունքում այն կհասնի մոտ 1.5 միլիոն դրամի։ Էականորեն կբարձրանան Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների, հանձնաժողովի նախագահների, ուժայինների, դատական իշխանության աշխատավարձերը։ Այս թվերում ներառված են նաև հարկերը:

Վարչապետ Փաշինյանի մեկնաբանմամբ՝ բարձր աշխատավարձերի միջոցով հնարավոր կլինի պայքարել պետական համակարգի կոռուպցիայի դեմ: