ԱՄՆ-ն սպառնում է կրկին հարվածել, Իրանից կոշտ պատասխան են խոստանում

Իրանցի կինն անցնում է սպանված գերագույն առաջնորդի պատկերով և ազգային դրոշներով զարդարված պատի կողքով Թեհրանի կենտրոնում, 14-ը սեպտեմբերի, 2026 թ.

ԱՄՆ նախագահը կրկին սպառնացել է վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները: Այովա նահանգում նախընտրական հանրահավաքի ժամանակ Դոնալդ Թրամփն ասել է`չնայած դեռ չեն վերսկսում ավիահարվածները, բայց ինչ-որ պահի ստիպված կլինեն ուժ կիրառել:

Խոսելով Իրանի հետ հնարավոր գործարքի մասին՝ Թրամփն ասել է, որ չեն շտապում այս հարցում:

«Մենք այդքան էլ չենք շտապում: Մենք ոչնչացրել ենք նրանց ռազմածովային, ռազմաօդային ուժերը ... միջուկային օբյեկտները։ Մեկ կամ երկու միջուկային օբյեկտ է մնում, որոնց հարցերը կարող ենք լուծել տասը րոպեում»,- ասել է ԱՄՆ նախագահը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը սպառնում է վերսկսել հարվածներն Իրանին, Խամենեին խոստանում է պատասխանել

Թրամփը հաստատել է, որ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն օրեր առաջ նամակ է գրել Իրանի Ազգային անվտանգության խորհրդի գերագույն քարտուղար Մոհսեն Ռեզային: Սակայն հերքել է մամուլի հրապարակումները, թե նամակը վերաբերում է բանակցությունները վերսկսելուն: Ըստ նրա՝ նամակում Վենսն առաջարկել է օգնել Իրանին բժշկական պարագաներ ձեռք բերելու հարցում:

Թեհրանը կոշտ պատասխան է խոստանում

Իրանից արձագանքել է գերագույն առաջնորդը՝ պնդելով, որ «անհապաղ և արդյունավետ» պատասխան կտան ցանկացած սպառնալիքի: Այաթոլլահ Մոջթաբա Խամենեին, որը պատերազմի առաջին օրը վիրավորվելուց հետո դեռ չի ներկայացել հանրությանը, հայտարարել է՝ Իրանի պատասխանը չի սահմանափակվի տարածաշրջանով:

«Եթե Իրանի թշնամիները վերսկսեն ռազմական կամ ահաբեկչական հարձակումները, Իսլամական Հանրապետության զինված ուժերը և Իրանի ժողովուրդն են որոշելու, թե երբ և ինչ պայմաններում կավարտվեն այդ հարձակումները»,- ասել է Իրանի գերագույն առաջնորդը:

Պաշտոնական IRNA գործակալության փոխանցմամբ, Խամենեին շաբաթ հանդիպել է երկրի բարձրագույն ռազմական հրամանատարներին և հանձնարարել է պատրաստվել հնարավոր նոր պատերազմի:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հորմուզի նեղուցում ականի վրա 2 լցանավ է պայթել, ևս մեկը հարձակման է ենթարկվել

Իրանը չի նահանջի

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն էլ, որին նամակ էր գրել փոխնախագահ Վենսը, զգուշացրել է՝ Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ ԱՄՆ-ն չի համաձայնել Իրանի պայմաններին: Մոհսեն Ռեզային վստահեցրել է՝ Իրանը ոչ մի դեպքում չի նահանջի:

«Մենք լուրջ ենք վերաբերվում դիվանագիտությանը, բայց ոչ մի պարագայում չենք նահանջի իրանական ազգի իրավունքները պաշտպանելուց ... Եթե Թրամփը և Ամերիկան հիմա չպատժվեն, վաղը մյուս երկրները կմտածեն, որ կարող են հարձակվել Իրանի վրա՝ առանց գին վճարելու»,- ասել է Ռեզային։

Իրանը պատրաստ է բոլոր սցենարներին

Կիրակի Դոհայում կատարցի միջնորդների հետ իրանցիների բանակցություններից հետո Իրանի արտգործնախարարն էլ հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է ինչպես պաշտպանվելուն, այնպես էլ դիվանագիտությանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսաստանն ու Իրանը խորացնում են միջուկային համագործակցությունը՝ միջազգային վերահսկողության թուլացման պայմաններում

Աբբաս Արաղչին նաև ասել է, որ Իրանի զինված ուժերը հիմա շատ ավելի ուժեղ է, քան նախորդ երկու պատերազմների ժամանակ և պատրաստ է պաշտպանել իրանցի ժողովրդի շահերը:

«Մենք լիովին պատրաստ ենք պաշտպանվել և, միևնույն ժամանակ, պատրաստ ենք դիվանագիտությանը: Թե որ ուղին կընտրեն ամերիկացիները, կախված է նրանց սեփական դատողությունից»,- ասել է Արաղչին։

Իրանի գլխվոր դիվանագետը հույս է հայտնել, որ Վաշինգտոնը ողջամիտ կգտնվի և այլ տարբերակների փոխարեն կընտրի դիվանագիտությունը: