Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ երկու լցանավ է պայթել Հորմուզի նեղուցում ծովային ականի բախվելուց հետո, ինչից հետո լցանավերից մեկի վրա հրդեհ է բռնկվել:
ԻՀՊԿ հասարակայնության հետ կապերի գրասենյակի հաղորդագրությունը տարածել են Իրանի պետական IRNA լրատվական գործակալությունն ու այլ լրատվամիջոցներ:
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ տվյալ նավերը նեղուցով անցել են «չարտոնված երթուղով»: ԻՊՀԿ-ն նաև նշել է, որ լցանավերը անջատել էին իրենց նավիգացիոն և նույնականացման համակարգերը և ԱՄՆ զինվորականների աջակցությամբ փորձում էին գաղտնի անցնել նեղուցը, սակայն պայթյուններից հետո կանգ են առել:
Հայտարարությունում նավերի անունները չեն նշվում, նաև չի նշվում, թե արդյոք վիրավորների կամ զոհեր կան: Հորմուզում ականների վրա նավեր պարբերաբար են պայթում:
Միացյալ Թագավորության ծովային առևտրի գործողությունների (UKMTO) գործակալությունն իր հերթին հայտնել է, որ Պարսից ծոցով հարավ-արևելք շարժվող լցանավը հարձակման է ենթարկվել անհայտ արկերից։
Ըստ գործակալության՝ նավը հարձակման պահին Սաուդյան Արաբիայի Ռաս ալ-Խաֆջիից 72 ծովային մղոն դեպի արևելք է եղել: Անձնակազմը չի տուժել, շրջակա միջավայրի վրա որևէ ազդեցության մասին չի հաղորդվում:
Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի սանձազերծած պատերազմից հետո Իրանը փակել է Հորմուզի նեղուցը, որտեղով պատերազմից առաջ անցնում էր աշխարհում սպառվող բնական գազի ու նավթի 20 տոկոսը:
Իրանը հայտարարում է, որ իրենք են վերահսկում Հորմուզի նեղուցը և միայն իրենց հետ համաձայնեցնելով կարող են նավերն անցնել ջրային այս կարևորագույն ուղին:
ԱՄՆ ռազմածովային ուժերն իրենց հերթին շրջափակում են սահմանել իրանական նավահանգիստների նկատմամբ և պնդում են, որ իրենք են վերահսկում նեղուցը:
ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են միջնորդների միջոցով բանակցությունները՝ կարգավորելու հակամարտությունը: Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին սպառնացել է վերսկսել Իրանին ավիահարվածները՝ առանց այլ մանրամասները նշելու:
«Եվ միակ պատճառը, որ ես դեռ չեմ ավարտել Իրանի հետ կապված իմ հաշիվները, այն է, որ ես ուզում եմ բարի լինել», - նոյեմբերի 1-ին Այովա նահանգում կայացած նախընտրական հանրահավաքի ժամանակ ասել է նա: «Ես ուզում եմ փորձել փրկել այդ բոլոր կյանքերը, եթե կարողանամ... Բայց ինչ-որ պահի մենք ստիպված կլինենք ուժ կիրառել», - հավելել է նա: