Թեհրանը TRIPP նախագծի շուրջ լուրջ մտահոգություններ ունի և Հայաստանից ակնկալում է հավաստիացումներ, որ հայ-իրանական սահմանին և դրան հարակից տարածքներում որևէ երրորդ երկրի ուժերի ներկայություն չի լինի, լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարել է Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։
«Հայաստանի պաշտոնյաներն ամենաբարձր մակարդակով բազմիցս հաստատել են այդ վստահությունը, հաստատել են, որ նմանօրինակ որևէ նախադեպ չի լինի: Հենց այդ փոխադարձ վստահությունն էլ մենք այդ հարցում ընդունում ենք որպես այն երաշխիք, որի երբեք այս նախագիծը չի շեղվի իր ճանապարհից ու որևէ վտանգ չի ստեղծի Իրանի համար», - ասաց դեսպանը:
Խալիլ Շիրղոլամին այսօր ևս ընդգծեց Իրանի դիրքորոշումը՝ Թեհրանի համար կարևոր է, որ պահպանվեն և հարգվեն Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը. «Ինչպես նաև որևէ երրորդ կողմ չպետք է կարողանա որևէ հարց կամ մարտահրավեր ստեղծել երկու երկրների խոր և ռազմավարական հարաբերություններում»:
Իրանի դեսպանը կարևորեց երաշխիքների տրամադրումը, որ «օտար ուժերի ռազմական ներուժը տվյալ պրոյեկտի շրջանակում ներկա չի գտնվի»:
Լրագրողի հարցին՝ «նախատեսվո՞ւմ է Հայաստանի ու Իրանի միջև համատեղ նախագիծ, որը մոնիտորինգ կստեղծի այդ ընթացակարգը կառավարելու համար», դեսպանը պատասխանեց. «Այո, մենք ցանկանում ենք նմանօրինակ կայուն, ստաբիլ քննարկումների որևէ ֆորմատ ունենալ, որը կօգնի և՛ քննարկել այս պրոյեկտի շրջանակներում առաջացող ցանկացած հարց ու նաև որևէ խնդիր առաջանալու դեպքում կկարողանանք շատ արագ, ցանկացած մարտահրավեր լուծել»:
Օրերս Հայաստանի արտգործնախարարն ասել էր, թե Իրանի իշխանությունները հստակ պատասխաններ են ստացել հայկական կողմից՝ իրենց սահմանին ամերիկյան ներկայության վերաբերյալ:
«Իրանական կողմում անշուշտ կան հարցեր, այդ հարցերին պատասխանները տրվել են։ Օրինակ, իրանական կողմը ասում է՝ լինելո՞ւ է ամերիկյան զինված ներկայություն TRIPP-ի երկայնքով: Մարդիկ հարցնում են, մենք էլ ասում ենք՝ չի՛ լինելու։ Թղթերը այդ մասին են վկայում, իրականությունը այդ մասին է վկայում: Այսինքն նորմալ է, որ իրենք այդ հարցը ունեն, մենք էլ այդ հարցի ճիշտ պատասխանը տալիս ենք։ Իրենք էլ ասում են՝ դե եթե չի լինելու, իրենք էլ այդ երկաթուղային ցանցը կարողալու են օգտագործել, շատ լավ», - ասել էր արտգործնախարարը:
Նախօրեին Հայաստանի խորհրդարանը 63 կողմ, 32 դեմ ձայնով վավերացրեց TRIPP-ի վերաբերյալ հայ-ամերիկյան ռազմավարական համաձայնագիրը:
Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը նախաստորագրվել է այս տարվա մայիսի 26-ին, ստորագրվել՝ հունիսի 4-ին:
Սյունիքով անցնող «Թրամփի ուղով» Ադրբեջանի հիմնական տարածքից դեպի Նախիջևան տարանցումը, ըստ ձեռք բերված պայմանավորվածությունների, պետք է լինի անխոչընդոտ՝ թվային գործիքների կիրառմամբ։ Երևանն ու Վաշինգտոնը միաժամանակ պնդում են, որ Հայաստանը պահպանելու է լիակատար իրավազորությունն իր ինքնիշխան տարածքում։