Խորհրդարանական ընդդիմությունը շարունակում է պնդել՝ դեմ են նոր Սահմանադրության ընդունմանը: Երկու խմբակցություններն էլ այն անվանում են «ալիևյան Սահմանադրություն» և պնդում՝ Ադրբեջանի պահանջով մշակված այդ փաստաթուղթը մերժելի է իրենց համար:
«Չի կարող հարևան երկրի ղեկավարը որոշի մեր Սահմանադրությունը, պետականության, երկրի մասին ենք մենք խոսում, խաղալիք չենք», - ասաց «Ուժեղ Հայաստանից» Նարեկ Կարապետյանը:
Երկու օր առաջ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների հարցերից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ աշխատելու է պատասխաններ ստանալու ուղղությամբ, ապա առաջարկ է անելու ընդդիմությանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Հավանականությունը շատ մեծ է, որ բանը արտահերթ ընտրությունների չի հասնի». ՓաշինյանԸնդդիմադիր Արամ Վարդևանյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ մասնավորապես հարցնում էր՝ եթե խաղաղությունը հաստատված է, ինչո՞ւ Ադրբեջանը չի ստորագրում պայմանագիրը, և որտեղի՞ց երաշխիք, որ Սահմանադրությունը փոխելուց հետո նոր պահանջներ չեն լինի: Թեև հարցերը հնչեցրել է «Ուժեղ Հայաստանը», իշխանության առաջարկը, ԱԺ նախագահի փոխանցմամբ, արվելու է նաև «Հայաստան» խմբակցությանը: Վերջինիս ղեկավար Աննա Գրիգորյանն այսօր վերահաստատեց՝ իրենք ոչ հարցեր ունեն, ոչ էլ հետաքրքրված են Փաշինյանի առաջարկներով:
Աննա Գրիգորյան
«Սահմանադրության փոփոխության օրակարգը նոր ձևավորված օրակարգ չէ, նախընտրական փուլում Նիկոլ Փաշինյանը գնացել է, ժողովրդին ասել է՝ «ինձ ընտրեք, մենք կփոխենք Սահմանադրությունը», մենք էլ գնացել ենք ասել ենք՝ եթե մեզ ընտրեք, թույլ չենք տալու, որպեսզի փոխվի Սահմանադրությունը, հետևաբար այս փուլում ընդդիմադիր ուժը, այս դեպքում «Հայաստան» ֆրակցիան չի կարող իր մանդատի մեջ չմտնող որևէ պրոցեսի մեջ մտնել: Հետևաբար այդ առաջարկն անընդունելի է լինելու մեզ համար, մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը», - ասաց Աննա Գրիգորյանը:
Թե Նիկոլ Փաշինյանն ինչ առաջարկի մասին է խոսում, ոչ ինքը, ոչ էլ մյուս ՔՊ-ականները չեն բացահայտում: Վարչապետը երեկ միայն ասել էր, թե պատասխանը դուրս է Հայաստանի սահմաններից: Այսօր մանրամասներ չհայտնեց նաև ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը:
«Ուժեղ Հայաստանի» ղեկավարն թեև հստակ ասաց, որ դեմ են նոր Սահմանադրությանը, բայց նույնքան ուղիղ չպնդեց, որ մերժում են Նիկոլ Փաշինյանի առաջարկների շուրջ քննարկումները: Այս հարցում լավատես է խորհրդարանի խոսնակը. «Նարեկ Կարապետյանը, կարծում եմ, բավական բանական անձնավորություն է և չի կարող ի բնե մերժել որևէ առաջարկ, որն ինքը չի լսել»:
Ե՞րբ վարչապետը կբացահայտի այդ առաջարկները և ի՞նչ երաշխիքներ կներկայացնի ընդդիմության հարցերի վերաբերյալ, դեռ հայտնի չէ: Փաշինյանի ակնարկներից միայն կարելի է ենթադրել է, որ ընդդիմության հարցերի պատասխանները ձևավորվելու են Ադրբեջանի նախագահի հետ քննարկումների արդյունքում, իսկ առաջարկն էլ լինելու է իշխանության կամ կառավարության ղեկավարի հնարավոր հրաժարականի մասին:
Ռուբեն Ռուբինյան
Այս սցենարը կարող է իրականանալ այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանն ունենա «Ուժեղ Հայաստանին» հետաքրքրող հարցերի պատասխանները, իսկ այս ուժն էլ իր հերթին խորհրդարանում կողմ քվեարկի Սահմանադրության նախագծին, բայց հանրաքվեով նախագիծը չանցնի: Որ սա է իշխանության պլանը, Ռուբեն Ռուբինյանը չհերքեց:
«Դա կնշանակի նոր քաղաքական իրավիճակ, այդ թվում՝ բացասական մեզ համար, որովհետև իրենք կկարողանան փաստարկել, որ մեր քաղաքական գլխավոր հանձնառությանը ժողովուրդը դեմ է: Տեսականորեն այդ դեպքում կկարողանան բավարար, ուժեղ փաստարկված կերպով նման պնդումներ անել», - ընդգծեց Ռուբինյանը:
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավարը կարծում է՝ Նիկոլ Փաշինյանը փորձելու է Ադրբեջանից որպես երաշխիք պայմանական մի թուղթ բերել, որով հանրությանը կասի՝ եթե կողմ քվեարկեք նոր Սահմանադրությանը, Բաքուն կստորագրի խաղաղության պայմանագիրը: Աննա Գրիգորյանը ընդգծեց՝ անգամ այս դեպքում իրենց ուժը դեմ է քվեարկելու, որպեսզի հարցը հանրաքվեին չհասնի:
«Այսինքն, այստեղ խոսել նրա մասին, որ նույնիսկ եթե ինքը որևէ թուղթ բերի երաշխիքի տեսքով, որ Սահմանադրության փոփոխությունից հետո ստորագրվել է պայմանագիր, դա չի կարող ազնիվ, արդար երաշխիք պարունակել, որովհետև հայ ժողովուրդը տեսել է, թե ինչպես է Նիկոլ Փաշինյան-Ալիև տանդեմը բազմաթիվ ծրագրեր միասին կազմակերպել ընդդեմ հայ ժողովրդի ու պետական շահերի», - նշեց Գրիգորյանը:
Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստանի» ղեկավարը, մինչդեռ, շեշտը դրեց ոչ թե նրա վրա, որ իրենք են խորհրդարանում տապալելու նախագծի ընդունումը, այլ մատնանշեց հանրության դեմ լինելը. «Ալիևյան Սահմանադրությունը չի կարող Հայաստանում անցնել, մեր հանրության մեջ մասը, իհարկե, դեմ է ալիևյան Սահմանադրությանը»:
«Քաղաքացիական պայմանագիրը» հենց դա էլ ակնկալում է ընդդիմությունից՝ հնարավորություն տալ, որ ժողովուրդը քվեարկի: Իսկ ընդդիմությունը, խորհրդարանում նախագծի ընդունումը չարգելափակելուց հետո, ըստ Ռուբինյանի, անգամ կարող է «Ոչ»-ի շտաբ ձևավորել:
«Թող տան հնարավորություն, որպեսզի ժողովրդի դատին հանձնենք, թող իրանք գլխավորեն «Ոչ»-ի շտաբը և ժողովրդի դատին ներկայացնեն իրենց դիրքորոշումը», - ասաց Ռուբինյանը:
Նիկոլ Փաշինյանը երեկ նաև հանրային ճնշման մասին էր խոսում, ընդդիմադիրներն իրենց հերթին այսօր զգուշացրեցին փողոց դուրս բերել իրենց աջակիցներին: