Միրզոյան. ԹՐԻՓՓ-ը կարող է գործարկվել մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը

ԹՐԻՓՓ նախագիծը կարող է գործարկվել նաև մինչև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը, այսօր Ազգային ժողովում հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հարցին։

Խորհրդարանն այսօր քննարկում է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը վավերացնելու հարցը։

Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքից Աննա Գրիգորյանը հայտարարեց, որ դեմ են քվեարկելու ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ համաձայնագրին: Խորհրդարանական մյուս ընդդիմադիր ուժը՝ «Ուժեղ Հայաստանը» ևս խիստ քննադատում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը, սակայն այս ուժից դեռ չեն հստակեցրել, թե ինչպես են քվեարկելու:

Նարեկ Կարապետյանը

Քննարկման ընթացքում Կարապետյանը հետաքրքրվել է՝ հնարավո՞ր է ԹՐԻՓՓ-ը գործարկել մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Միրզոյանը պատասխանել է՝ այո՝ հիշեցնելով, որ պայմանագիրն արդեն նախաստորագրված է, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը հրապարակավ հանձնառություն են ստանձնել։

Նախարարի խոսքով՝ ԹՐԻՓՓ-ի գործարկման համար անհրաժեշտ պայմանը խաղաղությունն է, որն, իր գնահատմամբ, արդեն հաստատված է։

«Մենք ունենք հաստատված խաղաղություն, իսկ գուցե ԹՐԻՓՓ-ը լինի՞ և մոտեցնի խաղաղությունը», - ասել է Միրզոյանը՝ հավելելով. «Որպես իրողություն՝ պայմանը, միջավայրը, որ պետք է լինի, որպեսզի ԹՐԻՓՓ-ը գործարկվի, կա․ դրա անունն է խաղաղություն»։

Նարեկ Կարապետյանը, սակայն, կասկածի տակ է դրել, որ ԹՐԻՓՓ-ի գործարկումից հետո Ադրբեջանը կբացի նաև Հայաստանի համար նախատեսված ճանապարհները։ Ընդդիմադիր պատգամավորը հարցրել է՝ եթե Բաքուն նախագծի միջոցով արդեն ապահովի Նախիջևանի հետ կապը, ի՞նչ շահագրգռվածություն կունենա կատարելու մյուս պայմանավորվածությունները։

«Ձեր հայացքն աշխարհագրորեն կիսատ է, ԹՐԻՓՓ-ը հո առանձնացված չի գործելու», - հակադարձել է Միրզոյանը՝ շեշտելով, որ նախագծի իրականացման երաշխիքը դրա փոխշահավետությունն է Հայաստանի, Ադրբեջանի և երրորդ երկրների համար։

«Հնարավոր չէ, որ Ադրբեջանը բեռ տեղափոխի Նախիջևան, և հնարավոր չլինի Հայաստանի համար այդ նույն շարժը», - ասել է արտգործնախարարը։

Քրիստինե Վարդանյան

«Հայաստան» դաշինքից Քրիստինե Վարդանյանը խնդրեց Արարատ Միրզոյանին ներկայացնել Ադրբեջանի պարտավորությունները նույնքան դետալիզացված, որքան համաձայնագրում նշված են Հայաստանի պարտավորությունները:

Արտգործնախարարն արձագանքեց. «Երբ ասում եք՝ փոխադարձ առավելություններ, ես առաջարկում եմ նայել մեգամակարդակը: Այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի տարածքով ու երնթակառուցվածքներով կապվելու է երրորդ երկրների հետ, Ադրբեջանի հետ, եթե երկաթուղու մասին ենք խոսում կապվելու են Հայաստանի հյուսիսին ու հարավը: Այդ բոլորը որևէ տեղ խոչընդոտի չհանդիպող բաներ են»:

Միրզոյանն ընդգծեց՝ այսօր էլ Հայաստանն օգտագործում է Ադրբեջանի տարածքը և ենթակառուցվածքները. Հայաստան բեռներ են գալիս ու գնում Ադրբեջանի Հանրապետության տարածքով: «Երբ կասկածի տակ ենք դնում փախադարձ առավելությունները և այն գաղափարը, որ մենք կարող ենք օգտագործել իրենց տարածքը, ժամանակավրեպ է», - ասաց նա:

Էդգար Ղազարյան

Արձագանքելով Միրզոյանին՝ «Ուժեղ Հայաստանից» Էդգար Ղազարյանը հայտարարեց . «Ասում է՝ Ադրբեջանը արդեն իր տարածքը տրամադրել է, այսինքն, բեռը գալիս է Ռուսաստանից մտնում է Ադրբեջան հետո գալիս է Վրաստանով մտնում է Հայաստան, Ադրբեջանը Հայաստանի հետ սահման է բացե՞լ, սահմանային անցակետերն ունենք, մեկը բա՞ց է, դե տարեք էդ բեռը մի հատ էլ Թուրքիայով պտտեք բերեք մտցրեք Հայաստան, ասեք՝ Թուրքիան էլ սահմանը բացեց: Որտե՞ղ է գրված, որ Հայաստանը որևէ արտոնություն է տալու Հայաստանին: Մարդիկ հստակ ասում են, համաձայնագրի մեջ էլ գրած է՝ Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ կապող նախագիծ է»:

Ղազարյանը պնդեց, թե «ընդամենը Ադրբեջանին տարածք եք հանձնում, ընդ որում, միայն Մեղրին չի, միայն երկաթգիծը չի»:

Ինչ վերաբերում է ֆրոնթ օֆիսի, բեք օֆիսի և այլ տեխնիկական մանրամասների վերաբերյալ Քրիտինե Վարդանյանի հարցին, Միրզոյանը պարզաբանեց, որ այդ ամենը դեռ համաձայնեցված չեն:

«Համաձայնագիրը, որը հիմա ես ներկայացնում եմ, Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև է, այդտեղ ո՞նց կարող էին ՀՀՆ ու ԱՄՆ-ն գրել, որ երրորդ երկրի տարածքում ինչ-որ մի պարտավորություն պիտի ստանձնել, դա միջազգային իրավունքի տրամաբանությանը հակասող բան է», - ընդգծեց ԱԳ նախարարը:

Ընդդիմադիր պատգամավորը, մասնավորապես, հետաքրքրվել էր. «Հանձնաժողովում քննարկման ընթացքում խոսեցինք այն մասին, որ միայն երկաթգծի մասին չէ խոսքը՝ ճանապարհ, գազամուղ, էլեկտրական ենթակառուցվածքներ, խոսեցիք, որ դրանք տարբեր տեղերով են անցնելու, կասե՞ք, երբ խոսում ենք այս ենթակառուցվածքների մասին այստեղ նույնպես գործելո՞ւ է այն նույն ռեժիմը, ինչ որ խոսում ենք երկաթգծի մասին, այսինքն անխոչընդոտությունը, բեք օֆիս, ֆրոնթ օֆիս»:

Խորհրդարանում համաձայնագրի քննարկման համար երկու ժամ էր հատկացվել։ Թեև Միրզոյանին հարց ուղղելու համար հերթագրվել էր 27 պատգամավոր, ժամանակային սահմանափակման պատճառով նրանցից միայն երեքն են հասցրել հարց տալ՝ յուրաքանչյուր խմբակցությունից մեկական պատգամավոր։

Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը նախաստորագրվել է այս տարվա մայիսի 26-ին, ստորագրվել՝ հունիսի 4-ին:

Սյունիքով անցնող «Թրամփի ուղով» Ադրբեջանի հիմնական տարածքից դեպի Նախիջևան տարանցումը, ըստ ձեռք բերված պայմանավորվածությունների, պետք է լինի անխոչընդոտ՝ թվային գործիքների կիրառմամբ։ Երևանն ու Վաշինգտոնը միաժամանակ պնդում են, որ Հայաստանը պահպանելու է լիակատար իրավազորությունն իր ինքնիշխան տարածքում։