Վարչապետը չի բացառում արտահերթ ընտրությունները, եթե նոր Սահմանադրության հարցով չհամոզի ընդդիմությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին, 22-ը հոկտեմբերի, 2026 թ.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, եթե չհաջողվի համոզել խորհրդարանական ընդդիմությանը՝ կողմ քվեարկել նոր Սահմանադրությունը հանրաքվեի դնելու որոշմանը:

«Կփորձենք համոզել ընդդիմության մեր գործընկերներին, որ սա շատ կարևոր հարց է։ Չստացվեց, ուրեմն կգնանք ուրիշ սցենարներով, այդ թվում՝ կարող ենք նաև արտահերթ ընտրություններ անել։ Իսկ ո՞վ է ասել, որ նման սցենարը բացառված է», - այսօր «Ազատության» հարցին ի պատասխան հայտարարեց Փաշինյանը, որի կուսակցությունը վերջին խորհրդարանական ընտրություններում սահմանադրական մեծամասնություն չստացավ:

Խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները պնդում են, որ Հայաստանում Սահմանադրությունը փոխվում է Բաքվի պահանջով, և բացառում են, որ կաջակցեն դրա ընդունմանը: «Ուժեղ Հայաստանն» ու «Հայաստանն» դեռ չեն արձագանքել վարչապետի այսօրվա հայտարարությանը:

Խորհրդարանում նոր Սահմանադրության նախագիծը հաստատելու համար անհրաժեշտ ձայներ չունեցող «Քաղաքացիական պայմանագիրը» կուսակցության վարչության առնվազն վերջին երկու նիստերում քննարկել է հենց այդ նախագիծը:

«Ես կարծում եմ, որ եթե Հայաստանի ժողովուրդն ուզում է տեսնել այդ հանձնառությունը իրագործված, ուրեմն ժողովուրդի հետ միասին պետք է իրագործի: Եթե Հայաստանի ժողովուրդը չի տեսնում այդ հանձնառությունը իրագործելու հանձնառություն, մի X պահի կարա պարզվի, որ իմ քաղաքական առաքելությունը սպառված է», - այսօր ասաց Փաշինյանը:

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը մեկ ամիս առաջ վստահեցնում էր, թե տեքստն ամբողջությամբ պատրաստ է և անցնում է միջգերատեսչական քննարկումների փուլ։ Նա պնդել էր նաև, որ քննարկումներն ավարտվելուն պես նախագիծը կներկայացվի Սահմանադրական բարեփոխումների խորհրդին: Մինչդեռ, վարչապետի որոշմամբ շուրջ չորս տարի առաջ ձևավորված այդ խորհուրդը նախ պետք է քննարկեր ու հաստատեր նախագիծը, ապա ներկայացներ վարչապետի աշխատակազմ: Խորհրդի անդամները, սակայն, ոչ միայն ծանոթ չեն ամբողջական տեքստին, այլև հստակ բացատրություն չունեն, թե ինչու այս տարվա ապրիլի 1-ից հետո որևէ նիստ չի գումարվել:

Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել խաղաղության պայմանագիրը, քանի դեռ Հայաստանի Սահմանադրությունից հեռացված չէ հղումը Անկախության հռչակագրին: Բաքուն 1990 թվականին ընդունված Անկախության հռչակագրում տարածքային պահանջ է տեսնում, քանի որ դրանում հիշատակվում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին 1989 թվականի որոշումը:

Ի դեպ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կանխատեսմամբ՝ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել 2027-2028 թվականներին: Նա, սակայն, չհստակեցրեց, արդյոք սա այն ժամկետն է, երբ Հայաստանն, իր հաշվարկով, արդեն նոր Սահմանադրությունն ընդունած կլինի:

Խաղաղության համաձայնագիրը նախաստորագրվել է 2025 թվականի օգոստոսին, Վաշինգտոնում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մարուքյանը դիմել է Գալյանին, Իոաննիսյանը նոր Սահմանադրության հարցով նիստերի անցկացման իմաստ չի տեսնում