Գևորգ Սարոյանը կբողոքարկի դատարանի որոշումը

Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ Սարոյանը կբողոքարկի դատարանի որոշումը: «Ազատության» հետ զրույցում պնդեց, որ պայքարելու է մինչև վերջ, որ վերականգնվի նախկին պաշտոնում:

«Այդպես թեմակալ առաջնորդին պաշտոնից չեն ազատում, ոչ էլ էդ ձևով կարգալույծ են անում: Մինչև վերջ գնալու եմ, այո: Միանշանակ, բողոքարկելու եմ», - ասաց նա:

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը կարճել է Արման Սարոյանին՝ նախկինում Գևորգ եպիսկոպոս Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու հայցով գործի վարույթը։

Արման Սարոյանը, մասնավորապես, պահանջել էր անվավեր ճանաչել Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու վերաբերյալ Հայրապետական տնօրինությունը և վերականգնել իրեն այդ պաշտոնում։

Կաթողիկոսը Գևորգ Սարոյանին ազատել էր Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից, սակայն դատարանը հետագայում պարտավորեցրել էր վերականգնել նրան այդ պաշտոնում։ Մայր Աթոռը, այնուամենայնիվ, չէր կատարել դատարանի որոշումը, իսկ ավելի ուշ հոգևորականին կարգալույծ էր արել՝ հայտարարելով, որ նման հարցերը դուրս են աշխարհիկ դատարանների իրավասության շրջանակից, և դրանց միջամտությունը խախտում է Եկեղեցու ինքնավարությունը։

Արա Զոհրաբյանի փոխանցմամբ՝ դատարանը վերացրել նաև նախկինում կիրառված հայցի հայցի ապահովման միջոցները, որոնցով սահմանափակված էին Մայր Աթոռի՝ Մասյացոտնի թեմի կառավարման վերաբերյալ որոշումների իրականացումը։

Հենց դատարանի նախկին որոշումը չկատարելու հանգամանքով պայմանավորված Ամենայն Հայոց Կաթողիկոսն և վեց եպիսկոպոսները մեղադրվում են դատական ակտը չկատարելու համար:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Դատարանը կարճել է Մայր Աթոռի դեմ Գևորգ Սարոյանի հայցով գործի վարույթը