ԵԱՏՄ անդամ 4 երկրները կարող են քննարկել Հայաստանի անդամակցության կասեցումը, պնդում է ԵԱՏՄ հրապարակած նոր զեկույցը, մինչ այդ եզրակացնելով, որ դեպի Եվրամիություն Հայաստանի ձգտումները հակասում են Եվրասիական միության կանոններին:
Չնայած հենց իրենք՝ զեկույցի հեղինակները, ընդունում են, որ ԵԱՏՄ մասին պայմանագրով նախատեսված չէ մեխանիզմ, որով անդամ պետությունները կարող են ինքնուրույն որևէ անդամի հեռացնել, բայց միաժամանակ մեջբերում են միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված նորմերն ու 1969 թվականին ընդունված՝ Վիեննայի կոնվենցիան Միջազգային պայմանագրերի մասին: Դրա համաձայն բազմակողմ պայմանագրի էական խախտման դեպքում մյուս մասնակիցները կարող են միաձայն համաձայնությամբ խախտում թույլ տված պետության հետ պայմանագիրն ամբողջապես դադարեցնել կամ մասնակի կասեցնել:
Զեկույցում նշվում է, որ ԵԱՏՄ մյուս անդամներն իրավասու են քննարկել Հայաստանի համար ԵԱՏՄ պայմանագրի գործողությունը
ժամանակավորապես կասեցնելու վերաբերյալ համատեղ որոշում ընդունելու հարցը։
«Այդ որոշումը կարող է գործել մինչև Հայաստանի Հանրապետությունում ԵԱՏՄ-ին երկրի անդամակցությունը պահպանելու կամ ԵՄ-ին միանալու հարցով հանրաքվեի անցկացումը» - նշված է զեկույցում:
Կուսումնասիրենք, ռեակցիա կտանք. Միրզոյան
Մինչդեռ արտգործնախարար Արարատ Միրզոյանը բազմիցս հայտարարել է, որ ԵԱՏՄ անդամ երկրները չեն կարող Հայաստանին դուրս հանել միությունից: Այսօր էլ նույնը ասաց, բայց նաև հավելեց, որ զեկույցը ծավալուն է, դեռ ուսումնասիրում են:
«Մեզ հայտնի չէ որևէ իրավական մեխանիզմ, որով ԵԱՏՄ անդամ X թվով պետությունները, Y-ին կամ Y-ներին հանել ԵԱՏՄ-ից, նույնիսկ սառեցման մեխանիզմ: Բայց մենք կուսումնասիրենք, ռեակցիա կտանք: Ցանկացած պարագայում անշուշտ մեր քաղաքացիների բարեկեցությունը, առևտուրը, տնտեսական շահերը, մեր ավանդական կապերը Ռուսաստանի Դաշնության հետ, ԵԱՏՄ մյուս անդամների հետ մեզ համար կարևոր են, բայց կա մի բան, որ գերկարևոր է և կարևոր է ամեն ինչից, դա Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն է, անկախությունն է», - հայտարարեց Միրզոյանը:
Բացի Հայաստանին միությունից ժամանակավորապես հեռացնելու իրենց իրավասությունը հաստատելուց, զեկույցը ավելի քան 70 էջերի վրա նկարագրում է, թե ինչ պատճառով կարող են նման որոշում կայացնել ու թե ինչ հետևանքներ դա կունենա Հայաստանի և ԵԱՏՄ մյուս անդամների համար:
«Եվրամիությանն անդամակցելու բանակցությունների ընթացքում Հայաստանը նախատեսում է պահպանել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության առավելություններն ու օգուտներն»,- արձանագրում է զեկույցն ու եզրակացնում, որ այդ գործողություններով Հայաստանը բազմաթիվ տնտեսական ռիսկեր է ստեղծում թե՛ ԵԱՏՄ-ի, թե՛ դրանց առանձին անդամ պետությունների տնտեսությունների համար:
«Հայաստան ներմուծումից հետո Եվրամիության արտադրանքը կարող է առանց խոչընդոտների վերափաթեթավորվել և արտահանվել ԵԱՏՄ՝ որպես ԵԱՏՄ պարտադիր պահանջներին համապատասխանող ապրանք», - օրինակ է բերում զեկույցը, նշելով, որ ԵԱՏՄ չափանիշները հատկապես մթերքների հարցում ավելի խիստ են, քան Եվրամիության սահմանածները:
Ինչ վերաբերում է հետևանքներին, ապա զեկույցում հաշվարկներ կան, թե ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցության հնարավոր դադարեցման դեպքում, ինչ տեղի կունենա: Մասնավորապես՝ նշվում է, որ գազը կթանկանա մոտ 70 տոկոսով, Հայաստանից արտահանումը կնվազի 30-50 տոկոսով, ներկրումը կկրճատվի գրեթե կիսով չափ, ԵԱՏՄ երկրների հետ ապրանքաշրջանառությունը կնվազի գրեթե 56 տոկոսով, Հայաստանի տնտեսությունը կտրուկ անկում կունենա՝ համախառն ներքին արդյունքը ավելի քան 15 տոկոսով կնվազի, Հայաստանի քաղաքացիների համար աշխատանքային միգրացիայի պայմանները կխստացվեն, ԵԱՏՄ երկրներից Հայաստան դրամական փոխանցումների ծավալը գրեթե կիսով չափ կկրճատվի:
Մինչդեռ ԵԱՏՄ մյուս երկրների վրա Հայաստանի հեռացումը մեծ ազդեցություն չի ունենա, եզրակացնում է զեկույցը:
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր վնասը, ըստ Պապոյանի, մեծ չի լինի
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ Էկոնոմիկայի նախարարությունը Կենտրոնական բանկի և Ֆինանսների նախարարության հետ համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել, ու իրենք էլ հետազոտություններ են արել ու գնահատել են ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր վնասը, և կարծում են, որ բացասական ազդեցությունը մեծ չի լինի. «Զեկույցում մի 50 տոկոս ամեն ինչ ուռճացված, էդ զեկույցի թվերին մենք էլ ենք տիրապետում, մենք ավելի շուտ էինք արել»:
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանը, սակայն, այդչափ լավատես չէ. «Նույնիսկ եթե 50 տոկոսով են հաշվարկներն իրական, ապա մեզ սպառնացող ապագան կարող է ապոկալիպտիկ լինել»:
Արարատ Միրզոյանն էլ ասաց. «Ընդդիմադիրները դրա համար են ընդդիմադիր, որ անընդհատ ապոկալիպսիս գուշակենք, մենք դա արդեն քանի տարի է՝ լսում ենք: Անշուշտ եթե ռուսական կողմը որոշի գազի գինը բարձրացնել միակողմանի, չգիտեմ դա ինչքանով է արտացոլում մեր գործընկերային հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց կլինի իրավիճակ, կհասկանանք»:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հաջորդ գագաթնաժողովը 2026 թվականի դեկտեմբերին է և ենթադրվում է, որ հենց այդ հավաքի ժամանակ է քննարկման դրվելու Հայաստանի այդ կառույցին անդամակցության հարցը: