Ադրբեջանում առաջարկում են զորամասը կամ ծառայության վայրը ինքնակամ լքող զինծառայողների նկատմամբ նաև տուգանք կիրառել՝ միաժամանակ պահպանելով կալանքի պատիժը: Օրենսդրական փոփոխությունները քննարկվել են երկրի խորհրդարանի՝ Միլի Մեջլիսի իրավական քաղաքականության և պետականաշինության հանձնաժողովի այսօրվա նիստում, հաղորդում է APA գործակալությունը։
Նախագծով՝ սպաները, ենթասպաները և պայմանագրային զինծառայողները՝ առանց հարգելի պատճառի մեկից տասը օր ծառայության վայրից բացակայելու համար կպատժվեն 200-ից 300 մանաթ տուգանքով (117-176 դոլար) կամ մինչև 15 օր վարչական կալանքով։ Գործող օրենսդրությամբ նման խախտման համար նախատեսված է մինչև 20 օր կալանք։
Մեկ տարվա ընթացքում խախտումը կրկնելու դեպքում առաջարկվում է 300-ից 500 մանաթ (176-294 դոլար) տուգանք կամ 10 օրից մինչև մեկ ամիս վարչական կալանք։ Ներկայումս կրկնակի խախտման համար նախատեսված է 15 օրից մինչև մեկ ամսվա կալանք։
Այսպիսով, փոփոխություններով ոչ միայն տուգանքի հնարավորություն է նախատեսվում, այլև որոշ դեպքերում կրճատվում է վարչական կալանքի նվազագույն ժամկետը։
Օրենդրական այս փոփոխության առաջարկը հաջորդում է ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի՝ Հայաստան ներթափանցելու դեպքին: Մուսաևը ենթադրաբար ժամկետային զինծառայող է, Բաքուն հայտարարել էր, որ նա ինքնակալ լքել է Լաչինի զորամասը: Հոկտեմբերի 1-ին Մուսաևը մտել էր Սյունիքի Շաքի գյուղի տներից մեկը և կրակել տանտիրուհու վրա՝ նրան ծանր վնասվածք պատճառելով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հայաստան ներթափանցած ադրբեջանցի զինծառայողին արտահանձնելու պահանջ չի եղել. վարչապետՀայաստանում երկու ամսով կալանավորված զինծառայողը մեղադրվում է սահմանն ապօրինի հատելու, զենքի մաքսանենգության, զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու համար։ Ադրբեջանում նրան մեղադրում են դասալքության համար։