Ազգային ժողովի նստաշրջանի օրակարգում կընդգրկվի Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագիծը:
Այն նախ կքննարկվի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում՝ այս չորեքշաբթի: Ազգային ժողովի հերթական նիստերը կմեկնարկեն հաջորդ երեքշաբթի՝ հոկտեմբերի 27-ին:
Ավելի վաղ կառավարությունն էր հաստատել համաձայնագիրն ու ուղարկել Սահմանադրական դատարան, որն էլ իր հերթին մի քանի ժամ քննելով որոշեց, որ փաստաթուղթը հակասություններ չունի Հայաստանի Սահմանադրության հետ:
Այս համաձայնագրով Երևանն ու Վաշինգտոնը նախատեսում են TRIPP զարգացման համատեղ ձեռնարկություն ստեղծել, որտեղ Միացյալ Նահանգների մասնաբաժինն առաջին 49 տարում 74, Հայաստանինը՝ 26 տոկոս կլինի: Եթե համագործակցությունը ևս 50 տարով երկարաձգեն, Հայաստանի բաժնեմասը կավելանա մինչև 49 տոկոս:
Սյունիքով անցնող TRIPP-ով Ադրբեջանի հիմնական տարածքից դեպի Նախիջևան տարանցումը, ըստ համաձայնությունների, անխոչընդոտ կլինի՝ թվային գործիքների ներդրմամբ: Երևանն ու Վաշինգտոնը պարբերաբար շեշտում են, որ Հայաստանը պահպանելու է լիակատար իրավազորությունն իր ինքնիշխան տարածքում։