Մարուքյանը դիմել է Գալյանին, Իոաննիսյանը նոր Սահմանադրության հարցով նիստերի անցկացման իմաստ չի տեսնում

Խորհրդարանում նոր Սահմանադրության նախագիծը հաստատելու համար անհրաժեշտ ձայներ չունեցող «Քաղաքացիական պայմանագիրը» կուսակցության վարչության առնվազն վերջին երկու նիստերում քննարկում է հենց այդ նախագիծը:

Իշխող ուժի գործադիր մարմինը քննարկումը շարունակել է նաև երեկ տեղի ունեցած արտահերթ նիստում: Փակ ձևաչափով անցկացված այս հանդիպումներից, սակայն, մանրամասներ հայտնի չեն․ միայն վարչապետի տարածած մի քանի րոպեանոց տեսանյութից է պարզ դառնում, որ նիստերին մասնակցում է արդարադատության նախարարը, էկրանին էլ երևում է նոր Սահմանադրության նախագիծը:

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը մեկ ամիս առաջ վստահեցնում էր, թե տեքստն ամբողջությամբ պատրաստ է և անցնում է միջգերատեսչական քննարկումների փուլ։ Նա պնդել էր նաև, որ քննարկումներն ավարտվելուն պես նախագիծը կներկայացվի Սահմանադրական բարեփոխումների խորհրդին: Մինչդեռ, վարչապետի որոշման համաձայն, շուրջ չորս տարի առաջ ձևավորված այդ խորհուրդը նախ պետք է քննարկեր ու հաստատեր նախագիծը, ապա ներկայացներ վարչապետի աշխատակազմ: Խորհրդի անդամները, սակայն, ոչ միայն ծանոթ չեն ամբողջական տեքստին, այլև հստակ բացատրություն չունեն, թե ինչու ապրիլի 1-ից հետո որևէ նիստ չի գումարվել:

Խորհրդի անդամներից Դանիել Իոաննիսյանը, որ նախկինում գրեթե ոչ մի նիստ բաց չէր թողնում, այժմ աշխատանքը շարունակելու իմաստ չի տեսնում:

«Սահմանադրական բարեփոխումների վրա այս փուլում, Ազգային ժողովում այս ներկայացվածության այս պրապորցիայով որ ի՞նչ քննարկենք: Իմաստը դա քննարկելու, եթե դա չլինող բան է, որովհետև Ազգային ժողովում չկա այնպիսի 2/3-րդ, որը որևէ նախագծի շուրջ կոնսենսուս կունենա», - ասաց Իոաննիսյանը:

Իոաննիսյանը տարակուսած է, թե Ազգային ժողովում նախագիծը հաստատելու համար անհրաժեշտ ձայների 2/3-ը չունեցող «Քաղաքացիական պայմանագիրն» ի՞նչ է քննարկում կուսակցության ներսում և ի՞նչ նպատակով: Ընտրություններից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր թաքցնում՝ իրենց նպատակն է խորհրդարանում 2/3 ունենալ, հակառակ դեպքում սպառնում էր աղետաբեր պատերազմով: Ինչպե՞ս են ՔՊ-ում պատկերացնում Ազգային ժողովում նախագծի հաստատումը, երբ միայն իրենց ձայները բավարար չեն. վարչության անդամ Հասմիկ Հակոբյանը հստակ պատասխան չունի, բայց առաջարկում է սպասել նախագծի հրապարակմանը:

«Պատգամավորներն առանձին-առանձին, որոնք իրենց խղճի մտոք են քվեարկում, իրենց դիրքորոշումը չեն կարող հայտնել, որովհետև չկա այն բովանդակությունը, որի վերաբերյալ պետք է իրենք որևէ դիրքորոշում հայտնեն: Այնպես որ, երբ կհրապարակվի, կլինեն քննարկումներ, նաև հասարակական լայն քննարկումներ կլինեն, նույն պատգամավորները կունենան հնարավորություն դիրքորոշում հայտնելու, հետո կասենք՝ ունենք բավարար ձայներ դրա համար, թե չունենք: Հիմա վաղ է դրա մասին խոսել», - նշեց Հակոբյանը:

Խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցություններն էլ պնդում են, որ Հայաստանում Սահմանադրությունը փոխվում է Բաքվի պահանջով, և բացառում են, որ կաջակցեն դրա ընդունմանը: Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել խաղաղության պայմանագիրը, քանի դեռ Հայաստանի Սահմանադրությունից հեռացված չէ հղումը Անկախության հռչակագրին: Նույն պատճառաբանությամբ նախագծին դեմ է քվեարկելու նաև Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Արթուր Սաքունցը, երբ հարցը քննարկվի խորհրդում և դրվի քվեարկության:

«Անկախության հռչակագրի խնդիրը քանի որ բարձրացվում է Ադրբեջանի կողմից, ես կտրուկ դեմ եմ: Անկախության հռչակագրին անգամ Սահմանադրական դատարանն է անդրադարձել. հստակ դիրքորոշում է ներկայացրել, որ կան այնտեղ պետականաստեղծման կարևոր դրույթներ, որոնք արդիական են, դրանք հիմք են: Ինչ վերաբերում է Ղարաբաղի հետ միացման հարցին, արդեն իսկ չեղարկվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հանրաքվեով», - ընդգծեց Սաքունցը:

Նոր Սահմանադրությունը ոչ նախաբան կունենա, ոչ էլ առավել ևս կպարունակի հղում Անկախության հռչակագրին, սա իշխանականները արդեն ուղիղ են հայտարարել:

Իսկ թե ինչո՞ւ խորհուրդը նիստեր չի անցկացնում Արթուր Սաքունցը ենթադրում է, որ ընտրական փուլը, հետո կառավարության ծրագիրն ու COP 17-ն էին պատճառը, հույս ունի՝ առաջիկայում կվերսկսեն աշխատանքը: Նախագծի տեքստից բացի Սաքունցը կարծում է՝ զուգահեռ նաև հայեցակարգը պետք է հրապարակվի. «Ո՞նց կարա առանց հայեցակարգի նախագիծ ներկայացվի, ցանկացած իրավական նախագիծ պետք է ունենա հիմնավորում, այդ հիմնավորում ասվածը հայեցակարգն է»:

Ի վերջո, ի՞նչ բովանդակություն ունի Հայաստանի նոր մայր օրենքի նախագիծը, և, Անկախության հռչակագրի հղումը հանելուց բացի, ի՞նչ հիմնարար փոփոխություններ են տեղ գտել այդ փաստաթղթում. սա փորձում է պարզել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի մեկ այլ անդամ՝ Էդմոն Մարուքյանը: Նա արդեն դիմել է խորհրդի նախագահ Սրբուհի Գալյանին՝ պահանջելով նիստեր գումարել:

«Հիմա ինձ հետաքրքիր է նախագծի մակարդակում ի՞նչ ունենք, նախագիծն ի՞նչ է արվում, դրվո՞ւմ է հնարային քննարկամն, թե՞ ոչ, որովհետև վերջին հաշվով դա հանրային քննարկման հարց է: Երբ որ կլինի արդեն պատասխան նախարարի կողմից ու խորհրդի անդամների արձագանքը, ես դրա մասին հավելյալ կիրազեկեմ», - ընդգծեց Մարուքյանը:

Մինչ օրս նախագծին ծանոթ իշխանության որևէ ներկայացուցիչ չի մանրամասնել՝ արդյոք նոր Սահմանադրությամբ վարչապետի լիազորությունները կրճատվելո՞ւ են:

Մինչդեռ 2018 թվականի իշխանափոխությունից հետո իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հենց դա էր խոստանում՝ վերացնել, ինչպես իրենք էին ձևակերպում, «սուպերվարչապետական» համակարգը:

Այն ժամանակ Անկախության հռչակագրի մասին որևէ խոսք չկար: Այժմ, սակայն, խոսում են հռչակագրի հղումը հանելու մասին, բայց իրենց նախկին խոստմանն ուղղակի անդրադարձ չկա:

«Նախ, հետամուտ լինենք, գտնենք այդ նախագիծը, եթե կա այդպիսի նախագիծ, որը քննարկվում է, նաև որոշակի տեղեկություններ կան, որ Նիկոլ Փաշինյանն է աշխատում դրա վրա: Այսինքն, նա ոչ միայն եկեղեցու հանձնաժողով կազմելու զեկույցն է գրել, խմբագրել, ինքը արդեն ընդունել է, այլ նա ընդունել է, որ նաև Սահմանադրության նախագիծն է ինքը գրում: Չկա որևէ տեքստ, որը ինքը չի գրում այս երկրում, որը կապված է մեր պետական շինարարության, հոգևոր կյանքի հետ: Եկեք մի հատ գտնենք նախագիծը, Սահմանադրական խորհրդի նիստ գումարենք, նախագիծը տեսնենք ինչ փուլում է, ով է գրում, ինչ են անում, ինչ բաժիններից է բաղկացած, ինչ մարմիններ կան, ինչ մարմիններ չկան, ինչ է արվում, նոր հարցը կհասնի հանրաքվեին: Հիմա հանրաքվեն քննարկելն անիմաստ էլ է», - ասաց Մարուքյանը:

Հայաստանի օրենսդրությամբ՝ նոր Սահմանադրությունն ընդունված է համարվում, եթե հանրաքվեին «Այո» քվեարկածների թիվը գերազանցում է «Ոչ»-երին, և այդ «ԱՅՈ»-ները կազմում են ընտրողների ընդհանուր թվի առնվազն 25 տոկոսը: Մոտավոր հաշվարկներով՝ կես միլիոնից ավելի «Այո» քվեարկող է պետք: