Վարչապետ Փաշինյանից հետո այսօր էլ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը պնդեց, թե Հայաստանի պետական սահմանը հատած, Շաքի գյուղ հասած և բնակիչներից Անի Ավետիսյանին ծանր հրազենային վնասվածնքեր հասցրած Նասիմի Մուսաևը ոչ թե «ներխուժել էր Հայաստանի տարածք, այլ մոլորվել էր»:
«Մոլորվել է, բա ի՞նչ է արել, մոլորվել է էդ մարդը, և առաջին իսկ պահից մենք իմացել ենք, իրենք տեղեկացրել են, որ իրենց զինվորներից մեկը... Իր նկատմամբ քրեական գործ է հարուցված նաև Ադրբեջանում: Հաջիևը ինձ նույնպես հավաստիացրել է, որ իրենց համար ինքը քրեական հանացագործություն է կատարել», - այսօր լրագրողներին ասաց Ալեն Սիմոնյանը:
Քննչական կոմիտեն, սակայն, դեռ չի ավարտել քննությունն ու դեռ պաշտոնական պատասխան չկա՝ ինչպե՞ս և ինչո՞ւ էր Մուսաևը անարգել հասել Հայաստանի խորքում գտնվող Շաքի գյուղ:
Սիմոնյանն այսօր նաև մանրամասներ պատմեց Շաքիում ադրբեջանցի զինվորի անցկացրած ժամանակի մասին, սակայն չբացահայտեց, թե որտեղից իրեն այդ տվյալները և արդյոք ինքը ծանոթացել է Մուսաևի հարցաքննությանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից«Դատարկ է եղել տունը, գնացել, հաց է կերել, հետո պառկել, քնել է... որքան հասկանում եմ կամ վիրավորված է եղել կամ առողջական խնդիր է ունեցել: Հասարակ քրեական հանցագործություն է: Իսկ «ներխուժել» բառը ենթադրում է, որ դիմադրություն կա, դու դրա հետ պայքար ես տալիս: Մոլորվել է, և Աստված մի արասցե, մի օր էլ... մեր մոտից էլ է շատ մարդ մոլորվել, գնացել է այնտեղ», - ասաց Սիմոնյանը:
Արձագանքելով դիտարկմանը, որ հայկական կողմից մոլորվածները չեն գնում ու կրակում խաղաղ բնակիչների վրա, Անվտանգության խորհրդի քարտուղարն ասաց՝ իրավիճակից է կախված իրավիճակից է կախված, ապա բերեց Երևանի փողոցներում կենցաղային վեճերի օրինակը:
«Բոլոր հանցագործությունների ժամանակ չէ, որ գործը հասնում է ֆիզիկական բռնության: Երևանի փողոցում կարող են իրար սիգնալ տալու պատճառով դանակը իրար փորը մտցնել, և կարող են ուղղակի իրար մի վատ բառ ասել, քշել, գնալ: Հա, եկել է, վախեցել են, ինքն էլ իր հերթին է վախեցել, տարրական հանցագործ է, որը Հայաստանի օրենսդրությանը համապատասխան դատապարտվելու է»,- ասաց Անվտանագության խորհրդի քարտուղարը՝ այդպես էլ չանդրադառնալով հարցին, թե ինչպես էր ադրբեջանցի զինածառայողին հաջողվել հասնել հայ-ադրբեջանական սահմանից շուրջ 14 կմ հեռավորության վրա գտնվող Շաքի գյուղ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Պետք էր սպասել ոստիկաններին». Փաշինյանը՝ Շաքիի բնակչուհու գործողությունների մասինԵրկու ամսով կալանավորված ադրբեջանցի զինծառայողը մեղադրվում է սահմանը ապօրինի հատելու, զենքի մաքսանենգության, զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու, հրազենի ապօրինի շրջանառության և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու հոդվածներով: Ադրբեջանում նրա դեմ գործ է հարուցվել դասալքության համար:
Ներքին գործերի նախարարը ոստիկանների թերացում չի տեսնում
Նասիմի Մուսաևի վնասազերծմանն այսօր անդրադարձել է նաև Ներքին գործերի նախարարը՝ պնդելով, որ ոստիկանները ժամանակին և պատշաճ են գործել:
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյան, արխիվ
«Ոստիկանությունը առավել քան օպերատիվ արձագանք տվել է, պարզաբանել է, որ ոստիկանը գտնվել է հանգստի մեջ, և այդ ժամանակ տուժողը զանգել է ոստիկանի բջջային հեռախոսահամարին, կարճ տեղեկատվություն է ներկայացրել, առանց մանրամասնելու, թե ինչ է տեղի ունենում: Նաև դժվար լսելի է եղել ոստիկանի համար, թե ինչի մասին է խոսքը: Բայց գտնվելով հանգստի մեջ՝ ոստիկանին հարիր պահվածքով դուրս է եկել բնակության վայրից, տասը րոպե չանցած հասել է դեպքի վայր: Բնականաբար, դեպքը տեղի ունեցած է եղել: Տուժողին որդին, ոստիկանի ներկայությամբ, ուղղորդմամբ զանգել է 112՝ օպերատիվ կառավարման կենտրոն, 10 րոպեում կենտրոնը տեղում է եղել: Առավել քան արագ են գործել ծառայողները», - ասաց Արփինե Սարգսյանը՝ հավելելով. - «Միտքը, թե ոստիկանները ուշ են հասել, մենք փարատել ենք»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Նոր պաշտոնանկություններ՝ ադրբեջանցի զինվորի Շաքի ներթափանցման հետ կապվածՀիվանդանոցում բուժում ստացող Անի Ավետիսյանն ավելի վաղ «Ազատությանը» պատմել էր, որ ոստիկանություն ահազանգելուց հետո ինքն է առաջինը հասել տուն, որտեղ ադրբեջանցի զինծառայողի հետ մենամարտի է բռնվել և ծանր վնասվածքներ ստացել։ Ընդ որում՝ իր աշխատավայրը, որտեղից շտապել էր երեխաների մոտ, ավելի հեռու է իր տնից, քան Սիսիանի ոստիկանության բաժանմունքը: Նրա խոսքով՝ ադրբեջանցու փախուստից հետո դեպքի վայր է հասել նախ իր մորաքույրը, և դրանից մոտ 5 րոպե անց՝ ոստիկանները։
Կինը նաև դժգոհել էր, որ ոստիկանները տեղի բնակչությանը չեն իրազեկել ադրբեջանցի զինվորի ներթափանցման մասին: Նախարարն այսօր հստակ պատասխան չտվեց, թե ինչո՞ւ ոստիկանները ծառայություն չեն իրականացրել գյուղում՝ տեղյակ լինելով ադրբեջանցի զինծառայողի ներթափանցման մասին: