Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երեկ իշխող ՔՊ-ն քննարկել է նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր, հաղորդում է կուսակցությունը՝ առանց հավելյալ մանրամասների։
Հրապարակված տեսանյութից միայն երևում է, որ քննարկմանը մասնակցել է նաև Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
Մինչ այդ իշխող ՔՊ-ն արդեն հայտարարել է, որ Նոր Սահմանադրության նախաբանը չի պարունակելու հղում Անկախության հռչակագրին:
Անկախության հռչակագրի հետ կապված իր դիրքորոշման մասին ավելի վաղ հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ իր կարծիքով՝ այն կոնֆլիկտածին է, և նոր Սահմանադրության մեջ այդ հղումը չպետք է լինի:
Հստակ չէ, թե երբ իշխող ուժը կհրապարակի նոր Սահմանադրության նախագիծը:
ՔՊ վարչության անդամ, Տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ «երբ վերրջնական տարբերակը պատրաստ լինի, այդ ժամանակ էլ կներկայացվի» :
Հարցին, թե արդյոք հնարավոր է նոր Սահմանադրության ընդունման հարցը իշխող ՔՊ-ն հանրաքվեի դնի տարածքների փոխանակման հարցի հետ կապված, Տարածքային կառավարման նախարարն ասաց, թե «տեղեկացվածություն» չունի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, թե «անկլավ, էքսկլավ չպետք է լինի» և Հայաստանի և Ադրբեջանի միջև այս հարցը պետք է լուծվի տարածքների փոխանակման միջոցով:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Անկլավ, էքսկլավ չի լինելու»․ Փաշինյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության իր պատկերացումըՓաշինյանն ասել է, որ օրերս Թուրքմենստանում Ադրբեջանի նախագահի հետ շփումների արդյունքում «ունի նախանական տպավորություն, որ խաղաղությանը նման տեսք տալու հնարավոություն ունեն և առաջիկայում զբաղված են լինելու այդ հնարավորությունը իրագործելով»:
Հայաստանի Սահմանադրության համաձայն, Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեի միջոցով:
Հանրաքվե անցկացնելու վերաբերյալ որոշումը Կառավարության առաջարկությամբ ընդունում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: