Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և քաղաքապետարանի մյուս պաշտոնյաների աշխատավարձերը նախատեսվում է զգալիորեն բարձրացնել։ Վաղը՝ հոկտեմբերի 13-ին, ավագանու նիստում կքննարկվի աշխատավարձերի հաշվարկման նոր համակարգի նախագիծը, որի ընդունումից հետո նոր դրույքաչափերը կգործեն 2027 թվականի հունվարի 1-ից։
Նախագծով առաջարկվում է աշխատավարձերը հաշվարկել պետական պաշտոնյաների վարձատրության համար կիրառվող սկզբունքով՝ բազային աշխատավարձը բազմապատկելով յուրաքանչյուր պաշտոնի համար սահմանված գործակցով։
Ըստ նախագծի՝ Ավինյանի ամսական աշխատավարձը ներկայիս 1 միլիոն 320 հազար դրամից կհասնի 2 միլիոն 80 հազարի։ Քաղաքապետի առաջին տեղակալինը կբարձրանա շուրջ 894 հազար դրամով՝ հասնելով 1 միլիոն 913 հազարի, իսկ մյուս տեղակալներինը՝ շուրջ 878 հազարով՝ կազմելով 1 միլիոն 830 հազար 400 դրամ։
Վարչական շրջանների ղեկավարների աշխատավարձը ներկայիս 850 հազար դրամից կհասնի 1 միլիոն 248 հազարի, իսկ քաղաքապետի խորհրդականներինը՝ 629 հազարից 915 հազար 200 դրամի։
Երևանի պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախաձեռնությունը հաջորդում է պետական բարձրաստիճան պաշտոնյաների վարձատրությունն ավելացնելու կառավարության որոշմանը։
Գործադիրն ավելի վաղ հավանություն էր տվել օրենսդրական փաթեթի, որով 2027 թվականից նախատեսվում է զգալիորեն բարձրացնել նախագահի, վարչապետի, նախարարների, պատգամավորների և պետական այլ պաշտոնյաների աշխատավարձերը։ Այդ նպատակով հաջորդ տարի նախատեսվում է ծախսել ավելի քան 25 միլիարդ դրամ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը գրեթե կկրկնապատկվենՆախագծի համաձայն՝ նախագահի և վարչապետի ամսական աշխատավարձերը կհասնեն 2 միլիոն 600 հազար դրամի, նախարարներինը՝ մոտ 2 միլիոնի, իսկ պատգամավորներինը՝ շուրջ 1,5 միլիոն դրամի։ Ընդ որում, աշխատավարձերի բարձրացումը չի վերացնում պարգևավճարների գործող համակարգը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Ինչքան բարձր լինի, այնքան մեզ կմոռանան». միլիոնանոց աշխատավարձեր՝ կոռուպցիան զսպելու համարՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այս փոփոխությունները բարեփոխում էր անվանել՝ պնդելով, որ պետական համակարգում աշխատավարձերի բարձրացումն անհրաժեշտ է արդյունավետ կառավարում ապահովելու և կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար։