Ռուսաստանում չեղարկել են ժանտախտի կասկածի պատճառով սահմանված կարանտինը

Ռուսաստանի Իրկուտսկի մարզում չեղարկել են հակահամաճարակային սահմանափակումները, որոնք սահմանվել էին ժանտախտի դեմ պայքարի ինստիտուտի 28-ամյա աշխատակցուհու մահից հետո։

Մարզպետ Իգոր Կոբզևի փոխանցմամբ՝ ավարտվել է մահացած կնոջ հետ շփում ունեցած անձանց բժշկական հսկողությունը։ Նրանցից ոչ ոք չի հիվանդացել, վարակի նոր դեպքեր չեն հայտնաբերվել։ Շուրջ հինգ հազար լաբորատոր հետազոտությունները ևս վտանգավոր հարուցիչներ չեն հայտնաբերել։

Սահմանափակումները մտցվել էին հոկտեմբերի 2-ին Դարյա Շիպիլովայի մահից հետո։ Նա աշխատում էր Իրկուտսկի հակաժանտախտային ինստիտուտում։ Մահվան պատճառ էր նշվել անհայտ ծագման թոքաբորբը, սակայն որոշ լրատվամիջոցներ ենթադրել էին, որ կինը կարող էր վարակված լինել ժանտախտի թոքային ձևով։

Դրանից հետո շուրջ 200 մարդ մեկուսացվել էր, իսկ մի շարք բուժհաստատություններում կարանտին էր սահմանվել։

Ռուսաստանի սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկողության դաշնային ծառայությունը հայտարարել էր, որ մահացած կնոջ հետազոտություններում նրա մասնագիտական գործունեության հետ կապված վարակների հարուցիչներ չեն հայտնաբերվել։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն էլ Ռուսաստանում ժանտախտի տարածման վտանգը ցածր էր գնահատել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ստեղծվել է Իրկուտսկից Հայաստան ժանտախտի ներբերման ռիսկի կանխարգելման հանձնաժողովՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը Իրկուտսկում ժանտախտի մասին զգուշացում է տարածել ամերիկացիների համարԺանտախտի կասկած Ռուսաստանում. որոշ հիվանդանոցներում կարանտին է սահմանվել