Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը արգելանք է դրել Գագիկ Ծառուկյանին պատկանող մեծածավալ գույքի վրա։ Ծառայության հաղորդմամբ՝ խոսքը շուրջ 29 անշարժ և 488 շարժական գույքի, 33 տրանսպորտային միջոցի, ինչպես նաև 27 ընկերություններում Ծառուկյանի ունեցած բաժնեմասերի մասին է։
Արգելանք է կիրառվել նաև նրա հետ փոխկապակցված 40 ընկերությունների բաժնեմասերի, բաժնետոմսերի ու դրանց պատկանող գույքի նկատմամբ։ Արգելադրվել են նաև Ծառուկյանի առանձնատան խուզարկության ժամանակ հայտնաբերված խոշոր չափի գումարն ու թանկարժեք զարդերը։
Մեկ այլ կատարողական վարույթով արգելվել է սեփականատիրոջ փոփոխություն կատարել Ծառուկյանին պատկանող՝ Սևանա լճի ափին գտնվող անշարժ գույքի և շինությունների նկատմամբ։
«Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդը հուլիսից կալանքի տակ է։ Նրա դեմ քրեական գործի նախաքննությունն արդեն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան։ Ծառուկյանը մեղադրվում է փողերի լվացման, հափշտակության և խոշոր չափերի խարդախության համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Ցանկանում ենք՝ օր առաջ գործը հայտնվի դատաքննության փուլում». Ծառուկյանի գործն ուղարկվել է դատարանՔննչական կոմիտեի վարկածով՝ Իրան-Հայաստան բեռնափոխադրումների և առևտրի զարգացման պատրվակով Ծառուկյանն ու գործով անցնող մյուս անձինք խաբեությամբ իրանցի գործարարներից ստացել են ավելի քան 22 միլիոն դոլարին համարժեք գույք, տրանսպորտային միջոցներ, վառելանյութ և այլ ապրանքներ, ապա օրինականացրել դրանք։
Ծառուկյանի պաշտպանները մեղադրանքները շինծու են համարում և նրա նկատմամբ քրեական հետապնդումը կապում քաղաքական գործընթացների հետ։