Բղավոցներ, քաշքշոց, իրար վրա նետված իրեր․ 9-րդ գումարման ԱԺ-ի առաջին թեժ միջադեպը

9-րդ գումարման խորհրդարանի մեկնարկից երկու ամիս անց՝ այսօր արձանագրվեց առաջին թեժ միջադեպը: Նիստի մեկնարկից կես ժամ էլ չանցած փոխադարձ մեղադրանքներն արագորեն վերածվեցին քաշքշուկի, գոռգոռոցների ու վիրավորանքների։

Դահլիճում պատգամավորները հասցրին միմյանց ուղղությամբ իրեր նետել, բարձրանալ սեղաններին, անգամ եղան բռունցքների դիմողներ։ Պատգամավորներին զսպելու համար դահլիճ մտան ՊՊԾ աշխատողները, բայց դա էլ չհանդարտեցրեց կրքերը. խորհրդարանի խոսնակը հայտարարեց ընդմիջում:

Your browser doesn’t support HTML5

Նորընտիր խորհրդարանի առաջին մեծ քաշքշոցը

Իրավիճակը լարվեց, երբ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանն իր ելույթում ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին մեղադրեց պարգևավճարներ բաժանելով պետբյուջեի միջոցները վատնելու համար: Ռուբինյանի հրահանգով Ղազարյանի բարձրախոսն անջատվեց, ինչից հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը տեղից արձագանքեց Էդգար Ղազարյանին՝ նրան անվանելով «Հանրապետականից եկած թալանչի»: Սրանից հետո իրավիճակը դուրս եկավ վերահսկողությունից. մոտ 15-20 րոպե իշխող ուժի և ընդդիմադիր ամենամեծ խմբակցության պատգամավորները չդադարեցրին փոխադարձ վիրավորանքներն ու հրմշտոցը, որը նիստերի դահլիճից տեղափոխվեց նաև միջանցք:

Ընդմիջումից հետո Ազգային ժողովի նախագահն ամբիոնից անդրադարձավ տեղի ունեցած միջադեպին՝ շեշտելով, թե այն տեղի չէր ունենա, եթե Էդգար Ղազարյանը չշեղվեր օրակարգից. «Երբ օրակարգը չի պահվում, կարող է մի հատ նախկին հանրապետական գա ու որոշի ամբիոնից ասել՝ «դուք թալանչի եք», «Քաղաքացիական պայմանագրից» մեկն էլ ասի՝ «թալանչին դու ես, այ հանրապետական կամ կեղտոտ հանրապետական», արդյունքում վերածվի հրմշտոցի»:

Ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանին Ռուբինյանը մեղադրեց առհասարակ նիստերի ընթացքը խաթարելու համար, ապա սպառնաց. «Ես դուրս եմ հանելու իրան սկզբից մեկ օրով, հետո՝ 7 օրով, հետո՝ ինչքան կանոնակարգ թույլ է տալիս, հետո կարող է դուրս հանելու տեղը դուրս շպրտեմ, հետո՝ շպրտենք, հետո կարող է խմբակային բոլորին ցույց տանք, թե որը որից հետո է: Տիրություն արեք ձեր սուբյեկտին»:

Ընդդիմադիր երկու խմբակցությունների գնահատմամբ, մինչդեռ, խորհրդարանում մթնոլորտը լարվեց հենց Ռուբեն Ռուբինյանի պատճառով: Էդգար Ղազարյանը պնդեց՝ նա, որպես նիստը վարող, անհավասարակշիռ պահվածք է դրսևորել. «Ինքն է հրահրում, նախագահողից շատ բան է կախված, այդ տրամադրությունը դահլիճ է փոխանցվում»:

Խորհրդարանական այս առաջին հրմշտոցի համար իշխանական խմբակցությանը մեղադրեցին նաև «Հայաստան» խմբակցությունից:

«Խայտառակ սադրանք էր նիստը վարողի վարման արդյունքում և ՔՊ-ական որոշ պատգամավորների անզուսպ վարքագծի անմիջական հետևանք էր», - ասաց ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Ազգային ժողովում մթնոլորտը լարված էր առավոտից. օրակարգում էր եկեղեցու հարցով ՔՊ-ի նախաձեռնությամբ ստեղծված քննիչ հանձնաժողովի կազմը հաստատելու նախագիծը: Ընդդիմադիր երկու խմբակցությունները մինչև քննարկումն արդեն այն որակել էին ապօրինի և հակասահմանադրական:

«Քննիչ հանձնաժողովի մասին, որը խայտառակություն է, մի բան կասեմ, եկեք ստեղծենք կոնկրետ դատական ակտերի գնահատական տալու վերաբերյալ քննիչ հանձնաժողով, չէ՞ որ Դատական օրենսգիրքն էլ է օրենք, չէ՞ որ Ազգային ժողովն է ընդունում, եկեք Մնացական Մարտիրոսյանների, ձեր սիրելի Մասիս Մելքոնյանների դատական ակտերի գնահատում, մի հատ էլ բեկանման քննիչ հանձնաժողով ստեղծենք: Սա ուղղակի տարրական իրավական առումով մեղմ է հնչում՝ հակասահմանադրական: Սա այս գումարման, ու դա ի դեպ ԱԺ նախագահի գործողության հետևանքն է», - ասաց «Ուժեղ Հայաստանի» Արամ Վարդևանյանը:

«Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանն էլ նշեց. «Սա հակասահմանադրական գործընթաց է, ընդ որում, այն մարդիկ, ովքեր ուղիղ ներգրավված են այս գործընթացների մեջ, իրենք վաղ թե ուշ իրավական պատասխանատվություն են կրելու: Պարոն Եղոյան, Դուք դա շատ լավ պետք է իմանաք, իրավական պատասխանատվության եք ենթարկվելու: Եթե որևէ քննիչ հանձնաժողով էլ ձևավորվեր ԱԺ-ում, պետք է ձևավորվեր այն մասին, թե ինչպես է կառավարությունը և իր փաստացի ղեկավարը միջամտում եկեղեցու ներքին գործերին: Դրա մասին ԱԺ-ն կարող է քննարկում իրականացնել»:

Իսկ ՔՊ-ական Տարոն Չախոյանի՝ Վեհափառի վերաբերյալ ամբիոնից հնչեցրած գնահատականները դարձան ևս մեկ քաշքշոցի պատճառ. «Քննիչ հանձնաժողովը քննելու է բոլոր տեսակի ապօրինությունները, որ տասնամյակներ շարունակ եկեղեցում եղել են, ոչ ոք չի պլստալու, այդ թվում՝ վաշխառությամբ զբաղվող Կտրիճ Ներսիսյանը»:

Ըստ «Քաղաքացիական պայմանագրի», Տարոն Չախոյանի ելույթից հետո ընդդիմադիր պատգամավոր Գրիշա Թամրազյանը Տարոն Չախոյանի ուղղությամբ «աղբ» բառն է նետել:

Քննիչ հանձնաժողովի հարցի քննարկման փուլում արդեն ընդդիմադիրները լքել էին նիստերի դահլիճը: ՔՊ-ն, առանց ընդդիմության, հարցը քննարկեց մոտ 15 րոպե, նախ նախագիծը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը: Նա ընդդիմադիրների գնահատականներին հակադարձեց, թե եկեղեցականներն էլ խախտել են պետության և եկեղեցու անջատ լինելու սկզբունքը: Եվս երկու իշխանական ելույթ, և նախագիծը դրվեց քվեարկության ու ընդունվեց միայն ՔՊ-ի 62 կողմ ձայնով: