Իշխող ՔՊ-ն մերժո՞ւմ է բանակի մահերի ու Շաքիի դեպքով քննիչ հանձնաժողով ստեղծելու՝ ընդդիմության առաջարկը

Հայ-ադրբեջանական սահմանը, արխիվ

Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» կմերժի բանակի մահերն ու Սյունիք ադրբեջանցի զինվորի ներթափանցման դեպքն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու ընդդիմության նախաձեռնությունը: Այս մասին լրագրողներին հայտնել է ՔՊ խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը:

Նման հանձնաժողով ստեղծելու առաջարկն արել էր ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը Նարեկ Կարապետյանը: Նրա պնդմամբ՝ Շաքիի դեպքից հետո պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պետք է հեռանար պաշտոնից։

Մինչդեռ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով ընդդիմության նախաձեռնությանը, հայտարարեց, թե կտեսնի ինչ են առաջարկում, հետո կարծիք կհայտնի՝ ընդգծելով, որ լավ չէ առանց առաջարկի բովանդակությունը տեսնելու, կարծիք ասել:

Ինչ վերաբերում է պաշտպանության նախարարի հրաժարականի պահանջին, Ռուբինյանը հեգնեց՝ Սուրեն Պապիկյանը հրաժարական կտա այն ժամանակ, երբ հրաժարական տա ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանը վարչապետի պաշտոնից: Նա հավելեց՝ հրաժարականի ոչ մի հիմք չի տեսնում:

Հոկտեմբերի 1-ին, ըստ պաշտոնական Բաքվի, զորամասն ինքնակամ լքած ադրբեջանցի զինվորը կրակել էր Սյունիքի Շաքի գյուղի բնակչուհու ոտքին՝ ծանր վնասվածք պատճառելով նրան: Ընդդիմադիրները քննադատում են իշխանությանը՝ Հայաստանի խորք ադրբեջանցու ներթափանցումը չկանխելու համար:

Իշխող ուժի քարտուղարը, մինչդեռ, հակադարձում է, թե այս դեպքերով զբաղվող իրավասու մարմիններ կան, և դրանք Ազգային ժողովում քննիչ հանձնաժողովի քննության առարկա դարձնելու անհրաժեշտություն չկա։

Նույն «Քաղաքացիական պայմանագիրը», սակայն, քննիչ հանձնաժողով է ստեղծում Հայ առաքելական եկեղեցու խնդիրները քննարկելու համար, թեև Հայաստանում եկեղեցին ու պետությունն անջատ են իրարից: Քննադատները սա համարում են պետության կողմից ուղիղ միջամտություն եկեղեցու գործերին, սակայն դա ետ չի պահում ՔՊ-ին:

Նարեկ Կարապետյանի գնահատմամբ՝ եթե իշխող խմբակցությունը դեմ քվեարկի իրենց առաջարկած հանձնաժողովի կազմի հաստատմանը, ապա կնշանակի, որ «կոծկում է կամ առնվազն չի փորձում հասկանալ՝ ինչու է այդքան զինվոր մահանում խաղաղ պայմաններում»։

Այս տարվա առաջին 9 ամիսներին բանակում խաղաղ պայմաններում ու ծառայության հետ կապված հանգամանքներում արդեն 15 զինծառայող է մահացել:

Խորհրդարանում այս հարցերի շուրջ քննարկումն այսօր չափազանց լարված է անցնում, գոռգոռոցներից բացի նաև քաշքշուկ է տեղի ունեցել: