Դասալքությո՞ւն, թե՞ հետախուզական ներթափանցում. ի՞նչ նպատակով էր ադրբեջանցի զինծառայողը հասել Հայաստանի խորքը

Ի՞նչ վիճակում է վիրավորում ստացած կինը

Ադրբեջանցի զինծառայողի կողմից ծանր վիրավորում ստացած 39-ամյա Անի Ավետիսյանին անցած շաբաթավերջին վիրահատել են: Քրոջ՝ Արփիի Ավետիսյանի փոխանցմամբ՝ Անին կանգնած է ոտքը կորցնելու վտանգի առաջ:

Հրազենային վնասվածքի պատճառով, ըստ քրոջ, ազդրի ոսկորը ամբողջությամբ փշրված է, անոթը՝ մահացած, ծունկը՝ պոկված, սակայն բժիշկները փորձում են փրկել 3 երեխաների մոր ոտքը:

Շաբաթ օրվա վիրահատությունից հետո Շաքիի բնակչուհուն ևս 3 բարդ վիրահատություն է սպասվում, և եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, ապա այդ ժամանակ արդեն կմտածեն ոտքը երկարացնելու մասին: Երիտասարդ կնոջ ոտքը, ըստ նրա քրոջ, 8 սմ-ով կարճացել է:

Առողջապահության նախարարությունը, սակայն, այսօր շտապեց հերքել հարազատների այս պնդումները: Խոսնակ Մարիամ Ծատրյանը «Ազատությանը» փոխանցեց, թե Ավետիսյանի վիրահատությունը նորմալ է անցել, հետվիրահատական վիճակը գնահատվում է կայուն, կյանքին սպառնացող ռիսկ չկա: Խոսնակի պնդմամբ՝ հարազատների փոխանցած տեղեկությունը, թե կա ոտքի ամպուտացման վտանգ, իրականությանը չի համապատասխանում:

Ինչ վերաբերում է երեխաներին, ապա Արփի Ավետիսյանի փոխանցմամբ, Անիի 2 տղաները Սիսիանում են՝ հոր մոտ, 12-ամյա աղջիկը իրենց տուն ադրբեջանցու ներխուժումից հետո ծանր հոգեբանական վիճակում է, այս պահին մորաքրոջ մոտ է:

Դասալի՞ք է, թե՞ հետախույզ

Արդյոք Հայաստանի պետական սահմանը հատած և Սյունիքի Շաքի գյուղում հայտնված ադրբեջանցի զինծառայողը միայնա՞կ է եղել, թե՞ խմբով են ներթափանցել: Նա դասալի՞ք է, ինչպես պնդում է պաշտոնական Բաքուն, թե՞ հետախույզ: Այս հարցերի պատասխանները իրավապահ մարմիները դեռ չեն տալիս, սակայն իշխող ՔՊ պատգամավոր, խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովի նախկին նախագահ Անդրանիկ Քոչարյանը չի բացառում, որ Նասիմի Մուսաևը կարող է և միայնակ չի եղել:

Ավելին, պաշտպանական հանձնաժողովը 5 տարի ղեկավարած Քոչարյանն ընդունում է, որ Հայաստանի սահմանները խնդիրներ ունեն:

«Մեր սահմանային ուղեկալների հետ կապված խնդիր ունենք, որը պետք է լուծում ստանա: Մի իրողության հետ ենք առնչվել, որը պետք է բացառենք: Որովհետև էդ մարդը 2 օր եղել է ոչ միայն տարածքում, այլ մեր քաղաքացու բնակարանում է եղել», - ասաց Քոչարյանը:

Հարցին՝ կարո՞ղ է պարզվի այլ ադրբեջանցի ևս եղել է, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Ամեն ինչ հնարավոր է, դրա համար մեր բոլոր ծառայությունները պետք է համակցված այս դեպքի առնչությամբ ոչ միայն քննություն իրականացնեն, այլ ամբողջ տարածքը տակնուվրա անեն: Հիմա մեր սահմանները ունեն խնդիրներ, որոնց հետ կապված պետք է գտնենք լուծումներ, թե՛ անձնակազմի, թե՛ մշտադիտարկման հետ կապված. դա մեզ հնարավրություն կտար ավելի էֆեկտիվ մոտենալ»:

Անդրանիկ Քոչարյանի թվարկած նույն խնդիրների մասին է խոսում նաև նախկին Պաշտպանության նախկին նախարար, նախկին ընդդիմադիր պատգամավոր Սեյրան Օհանյանը:

Ընդորում, նախկին նախարարը ևս չի բացառում, որ ադրբեջանցի զինծառայողը գուցե հետախուզական գործողություններ է իրականացրել՝ տեղեկություններ հավաքելով Հայաստանի թե՛ առաջնագծի և թե՛ խորքում գտնվող բնակավայրերի պաշտպանության մասին:

«Սա կարող է ոչ թե դիվերսիա իրականացնելու նպատակով, այլ ներթափանցում, հետախուզում իրականացնելու նպատակով, ուսումնասիրելու և՛ առաջնագիծում, և՛ խորքի պաշտպանությունը», - ասաց Օհանյանը:

Իսկ թե ինչպե՞ս է ադրբեջանցի զինծառայողին հաջողվել հայտնվել Շաքիում, Սեյրան Օհանյանը նշեց. «Դա միայն այն դեպքում կարող էր լինել, ոչ միայն առաջնագծում, այլ խորքում անվտանգությունը ապահովված չէ»:

Պաշտպանական համակարգը պետք է կարգավորվի. Օհանյան

Ի՞նչ պետք է արվի, որ ադրբեջանցին ավտոմատը կամ գնդացիրը ձեռքին կրկի չհայտնվի Հայաստանի բնակավայրերում: Նախորդ անգամ՝ 2023-ին Կապան ներխուժած ադրբեջանցին սպանել էր պղնձամոլիբդենային կոմբինատի պահակին:

Պաշտպանության նախկին նախարարն ասում է, որ երբ կար Արցախը, կար համատարած պաշտպանական համակարգ, այսինքն դիրքերի միջև չհսկվող տարածքները շատ քիչ էին: Հիմա արդեն, երբ Արցախը Ադրբեջանի վերահսկողության տակ է, ըստ Սեյրան Օհանյանի, համատարած պաշտպանությանը փոխարինելու է եկել օջախային պաշտպանությունը և դիրքերի միջև տարածությունը շատ մեծացել է:

Նախկին նախարարի համոզմամբ՝ նախ պաշտպանական համակարգը պետք է կարգավորվի: Զինված ուժերը, համագործակցելով սահմանային ծառայության հետ, պետք է ամբողջությամբ փակեն բոլոր հնարավոր ուղիները և միայն տեսադիտարկման սարքերով և միայն խրամատները բավարար չեն:

Ըստ Սեյրան Օհանյանի, պետք է լուծվեն մարտական հերթապահության, բանակի համալրման հետ կապված հարցերը, քանի որ այսօրինակ դեպքեր տեղի են ունենում նաև մարդուժի պակասի պատճառով:

Ի դեպ, պարզ չէ՝ արդյոք ադրբեջանցի կալանավորված զծինծառայողը մեկուսարանո՞ւմ է, թե՞ հիվանդանոցում: Այս մասին իրավապահները որևէ տեղեկություն չեն հայտնում: Ըստ Շաքիի տուժած բնակչուհու հարազատների, նա մի շարք վիրավորումներ էր ստացել Անիի հետ կռվի ընթացքում:

Կալանավորված 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ պատգամավոր Լևոն Քոչրյանն այսօր հարց էր բարձրացնում, թե ինչո՞ւ իրավապահները որևէ տեսանյութ չեն հրապարակել, թե ինչպես է ձերբակալվել երեխաներին պատանդ վերցրած ու կնոջ վրա կրկած ադրբեջանցին:

Դավիթ Սանամյանը ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

Այսօր օրվա սկզբին հայտնի դարձավ, որ վարչապետի որոշմամբ գեներալ-մայոր Դավիթ Սանամյանը ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից: Սանամյանի հիմնական պատասխանատվության ուղղությունը ԱԱԾ Սահմանապահ զորքերի համակարգումն ու վերահսկողությունն էր։

Առայժմ պաշտոնապես որևէ մեկնաբանություն չկա, արդյոք այս պաշտոնանկությունն ուղիղ կապվա՞ծ էր ադրբեջանցի զինծառայողի Շաքի ներթափանցման հետ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Պաշտոնանկություն ԱԱԾ-ում՝ Սյունիքում ադրբեջանցի զինծառայողի ներթափանցումից հետոԱդրբեջանցու կրակոցից տուժած կինը նոր վիրահատությունների կարիք ունի «Վիճակը կայուն է». Ավանեսյանն այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջըԱդրբեջանցին, ըստ տուժածի քրոջ, պատանդ է վերցրել երեխաներին, մայրը նրանց պաշտպանելիս կորցրել է 3 մատները Ակնհայտ է՝ պատկան մարմինները պատշաճ չեն աշխատել, որ ադրբեջանցին հայտնվել է քաղաքացու տանը. ՔՊ խմբակցության քարտուղարՍյունիք ներթափանցած ադրբեջանցին կալանավորվեց