Իրավասու կառույցների թերացման պատճառով է, որ ադրբեջանցի զինծառայողը, ամենայն հավանականությամբ, երկու օր գտնվել է Հայաստանի տարածքում և չի հայտնաբերվել, «Ազատությանն» ասել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը:
Թե կոնկրետ ո՞ր կառույցն է թերացել և դա ի՞նչ պատասխանատվություն պետք է ենթադրի ՔՊ-ական պատգամավորն ասում է՝ այդ հարցերի պատասխանը իր իրավասության շրջանակում չէ:
Վոլոդյա Հակոբյան
«Ակնհայտ է, որ պատկան մարմինները պատշաճ չեն աշխատել այն իմաստով, որ ադրբեջանցի զինվորը հայտնվել է մեր քաղաքացիներից մեկի տանը: Բայց արդյոք պատշաճ իրազեկում եղե՞լ է, թե՞ չի եղել, արդյոք նպատակահարմար եղե՞լ է հրապարակայնացնել այդ դեպքը, որ Ադրբեջանից զինվորական է փախել ու հնարավոր է, որ նա հատած լինի հայ-ադրբեջանական շփման գիծը, չեմ ուզում փորձագիտական կարծիք հայտնել, որն անում են այժմ ընդդիմադիրները: Դա անել, թե չէ, իրավապահները պետք է գնահատեն», - նշեց իշխող ուժի ներկայացուցիչը:
Խորհրդարանական ընդդիմությունից խնդրահարույց են համարում ոչ միայն այն, որ մարդիկ տեղեկացված չեն եղել, չեն ձեռնարկվել նրանց անվտանգությունը ապահովելու լրացուցիչ քայլեր, այլ այն, թե ինչպես է ադրբեջանցի զինծառայողը հատել սահմանը և մի քանի օր անցկացրել Հայաստանի տարածքում:
Արթուր Խաչատրյան
«Աղմուկը ինչի՞ն է վերաբերում, նրան, որ խոսում են մեր սահմանները հզոր են և այլն, բայց ադրբեջանցին հատում է սահմանը, հասնում սահմանից կիլոմետրերով հեռու Շաքի գյուղ, եթե մի հոգի կարողացել է հատել սահմանը, ով ասեց, որ մի ամբողջ գումարտակ չի կարող դա անել», - հակադարձելով իշխանականներին՝ ընդգծում է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը:
«Ուժեղ Հայաստանից» պաշտպանության հանձնաժողովի ընդդիմադիր անդամ Գառնիկ Դավթյանն էլ շարունակում է քննադատությունը. «Ինչո՞ւ պետք է ադրբեջանցի զինվորը նախ հատեր պետական սահմանը, հետո հասներ գյուղ: Սա խոսում է այն մասին, որ սահմանին կան խոցելի տեղեր, իսկ գուցե ադրբեջանցի զինվորը հենց դա՞ է փորձել պարզել: Ես կասկածներ ունեմ, որ մտել է հետախուզության նպատակով, հատկապես որ Շաքի գյուղը Իշխանասարի կողմում է, իսկ Իշխանասարը 2022 թվականին ենթարկվել է հարձակման, այդ հատվածում ունենք օկուպացված տարածքներ, հետևաբար այս բոլոր միջոցառումները, որոնք ուշացած արվում են, խայտառակություն է»:
Գառնիկ Դավթյան
Կառավարող ուժի ներկայացուցիչը հակադարձում է՝ սահմանը խախտելու դեպքեր գրանցվում են ամբողջ աշխարհում, դրանից ամբողջությամբ հնարավոր չէ խուսափել: Վոլոդյա Հակոբյանը միաժամանակ շեշտում է՝ այս միջադեպի պատճառ է նաև այն, որ սահմանագծված սահման չկա և պահպանման ռեժիմն այլ է:
«Այս դեպքում անգամ սահման էլ չէ, շփման գիծ է: Սահմանի պաշտպանությունը ավելի հեշտ է քան շփման գծինը: Եթե անգամ յուրաքանչյուր 500 մետրի վրա ունենանք պահակակետեր, դիտակետեր, միևնույն է, հնարավոր չէ ամբողջովին զերծ մնալ սահմանային կամ շփման գծի խախտումներից: Սահմանագծված սահմանը այլ ռեժիմով է պահպանվում, այնտեղ փշալարեր են, հատուկ սարքեր, դրոններ, բայց շփման գիծը լրիվ այլ ռեժիմ է նշանակում», - նշում է Հակոբյանը:
Հայաստան ներթափանցած ադրբեջանցի զինծառայողին մի քանի հոդվածով մեղադրանք է առաջադրվել, նա կալանավորված է:
Ադրբեջանցի զինծառայողին Բաքվին հանձնելու հնարավորության մասին
Ընդդիմադիրները մտավախություն ունեն, որ նրան ՔՊ-ն կարող է հետ վերադարձնել Ադրբեջան, որպեսզի խաղաղության մթնոլորտը չխաթարվի: ՔՊ-ական Հակոբյանն ասաց, թե նման քննարկումներից ինքը տեղյակ չէ, բայց արձագանքելով այդ սցենարը դատապարտող ընդդիմադիրներին, ասաց՝ վաղը, մյուս օրն էլ գուցե հայ զինծառայող կամ այլ քաղաքացի տարբեր պատճառներով հայտնվի Ադրբեջանի տարածքում:
Դիտարկմանը, թե այս դեպքում Հայաստան մտած ադրբեջանցու գործողություններից մարդիկ են տուժել, պատգամավորն ասաց. «Մենք տեսել ենք, որ անցած անգամ էլ այդպիսի երկու ադրբեջանցի զինծառայողի վերադարձրինք հայ գերիների վերադարձի դիմաց: Եթե հաջողվի նման, բան այս անգամ էլ շատ լավ կլինի»:
«Ազատության» հարցին՝ կա՞ արդյոք նման քննարկում, ՔՊ խմբակցության քարտուղարն ասաց՝ տեղյակ չէ, բայց այդ սցենարը ընդունելի համարեց:
Հայաստանում հայտնված ադրբեջանցի զինծառայողին նախ պետք է դատել, հետագայում Բաքվին փոխանցելու համար գերիներ վերադարձնելը ընդունելի է խորհրդարանական ընդդիմությունից «Հայաստան» խմբակցության համար:
«Հետո կարծում եմ՝ ճիշտ կլինի փոխանակում անել, Բաքվում միայն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը չի, կան նաև հասարակ մարդիկ, կապանցի կա, որ 20 թվականից գերի է: Կան շարքային զինվորականներ», - հավելում է ընդդիմադիր Արթուր Խաչատրյանը:
«Ուժեղ Հայաստանից» դեռ խոսում են ադրբեջանցի զինծառայողին Հայաստանի օրենքներով դատապարտելու մասին: