44-օրյա պատերազմի տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում տոնական համերգ ցուցադրելը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդամենը «անպատեհ քայլ» որակեց՝ ըստ էության բացառելով որևէ պաշտոնանկություն։
«Ինքս էլ պարզաբանումներ եմ փորձել ստանալ, թե ինչն է եղել պատճառը: Էլի եմ ասում՝ անպատեհ եմ համարում, բայց ես ինքս ինձ հարց եմ տալիս՝ օրինակ 2032 թվի սեպտեմբերի 27-ին կարելի է՞ ինչ-որ մի զվարճալի թողարկում ունենալ հեռուստաեթերում, թե՞ չէ», - այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետը:
Այն նույն ժամերին, երբ Եռաբլուրում մարդիկ սգում էին պատերազմի հազարավոր զոհերի հիշատակը, Հանրային հեռուստաընկերության եթերում երկու ժամ շարունակ Թաթա Սիմոնյանի տոնական ռիթմերն էին հնչում։ Հանրային զայրույթի ու քննադատությունների տարափից ավելի քան 12 ժամ անց միայն Առաջին ալիքը գրավոր պարզաբանմամբ ընդունեց «սխալը»՝ չմանրամասնելով՝ ո՞վ էր սխալի պատասխանատուն, և արդյոք կլինե՞ն հետևանքներ:
Միջադեպից երեք օր անց, երբ անգամ պարզաբանումից հետո քննադատությունը չէր դադարում, արդեն Հանրային հեռարձակողի խորհուրդն ընդունեց, որ համերգի ցուցադրությունը «արդարացի դժգոհության, քննադատության ու վրդովմունքի» պատճառ է դարձել, խոստանալով ուսումնասիրել հանգամանքները:
Մինչ այդ՝ այսօր վարչապետն արդեն ակնարկեց, որ պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտություն չկա: Մինչդեռ տարիներ առաջ Հանրայինի եթերում իրեն վերաբերող միջադեպին Նիկոլ Փաշինյանը շատ ավելի կտրուկ էր արձագանքել՝ այն որակելով «խայտառակություն»։
«Ձեր դիրքորոշումը ինչպիսի՞ն է, պե՞տք է այստեղ պատասխանատվության հարց առաջանա, թե՞ չէ: Որովհետև 2020 թվականի գարնանը, երբ Ձեր եթերից տեխնիկական փորձի կադրերի արտահոսք էր եղել մամուլում, Ձեր հորդորով բազմաթիվ պաշտոնյաներ, այդ թվում՝ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենը, հեռացվեցին աշխատանքից», - այսօր «Ազատության» այս հարցին վարչապետն արձագանքեց. - «Բա էդ օրը ինչի՞ են «Դար 21», էլի ուրիշ ալիքներ, որոնք պատկանում են զանազան օլիգարխների, ինչի՞ են [...] համերգներ հեռարձակել: «Դար 21»-ի ամբողջ աշխատակազմը երբ որ աշխատանքից կազատվի, [...] բոլոր հեռուստատեսությունները հանրային են, բոլո՛րը, որովհետև օգտագործում են հանրային ռեսուրսներ, «Դար 21»-ին բոլորին երբ որ կազատեն աշխատանքից, Հանրային հեռուստատեսության հեռարձակողի խորհուրդն էլ, իր հերթին, կմտածի՝ ինչ միջոց ձեռնարկի»:
Հանրային հեռուստաընկերության բյուջեն, ի տարբերություն մասնավորների, ձևավորվում է քաղաքացիների վճարած հարկերից: Հեռուստաընկերությանը պետբյուջեից տարեկան հատկացվում է շուրջ 6 միլիարդ դրամ: Բայց սա չխանգարեց վարչապետին, որ զուգահեռներ անցկացնի մասնավոր և հանրային միջոցներով գործող հեռուստաընկերությունների միջև: Ավելին՝ Նիկոլ Փաշինյանն ինքն էլ փորձեց հիմնավորել տեղի ունեցածը:
«Հանրային հեռուստատեսության պարզաբանումն էլ էր էն, որ իրենք, ըստ ամենայնի՝ մի քիչ էլ ավտոմատի վրա դրած, առաջնորդվում են օրենքով, օրենքի տրամաբանությամբ: Այսինքն՝ ապրիլի 24-ը Հայաստանում պաշտոնապես հիշատակի օր է: Իսկ նոյեմբերի 7-ին, նոյեմբերի 9-ին, 10-ին կարելի՞ է, թե՞ չի կարելի: Նշանակում է՝ Հայաստանում բոլոր հարսանիքները և զվարճալի հաղորդումները պետք է փակել, որովհետև մեր պատմության մեջ կա առնվազն 360 ողբերգական օր», - հայտարարեց վարչապետը:
«Քաղաքացիական պայմանագրի» որոշմամբ՝ Հայաստանում սգո օր է համարվում հունվարի 27-ը, ամսաթիվ, որը ոչ մի պատերազմի հետ կապ չունի: Իշխանավորները հենց այդ օրն են Եռաբլուր այցելում, հայտարարություններ անում:
Բայց մարդկանց վրդովմունքը ոչ այնքան վարչապետի ուղերձ հղել-չհղելուն էր վերաբերում, որքան այն փաստին, որ Հայաստանի համար աղետալի պատերազմի մեկնարկի օրը երկու անգամ երկուական ժամով Հանրայինում երգեց Թաթան, բայց ոչ մի հաղորդում եթեր չհեռարձակվեց զոհերի, նրանց ընտանիքների մասին: