«Օրենսդրական փոփոխություններ պետք է լինեն, որով եկեղեցու բռնազավթումը պետք է վերացվի». Փաշինյան

«Օրենսդրական փոփոխություններ պետք է լինեն, որով եկեղեցու բռնազավթումը պետք է վերացվի», - լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանն ասաց, որ օրենսդրական փոփոխությունները պետք է վերաբերեն առաջին հերթին թափանցիկությանը և եկեղեցու կառավարման ժողովականության սկզբունքի պարտադիր լինելուն:

«Այսինքն, որ համատավոր համայնքը մասնակցի եկեղեցու կառավարամանը այնպես, ինչպես սահմանված է: Քահանաների սոցիալական երաշխիքների համակարգը պետք է լինի պարտադիր, այսօր քահանաների մեծ մասը սոցաիալական երաշիքներից չեն օգտվում», - նշեց նա

Անդրադառնալով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին զեկույցին, վարչապետը նշեց, որ առաջիկայում պետք է ստեղծվի Քննիչ հանձնաժողով, որը կուսումնասիրի զեկույցը:

Զեկույցը կազմվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ, ով անցած տարվանից փորձում է գահից հեռացնել Առաքելական եկեղեցու հովվապետին՝ Գարեգին երկրորդին ներկայացնելով մի շարք լուրջ մեղադրանքներ:

Վարչապետի աշխատակազմի մաս կազմող Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի զեկույցն առաջարկում է ճգնաժամի հաղթահարման հինգ քայլից բաղկացած ճանապարհային քարտեզ.

  1. Բարենորոգման օրակարգի վերահստակեցում և հանրահռչակում
  2. ՀԱՍԵ փաստացի պետի հեռացումը (հանգստի կոչումը)
  3. Կաթողիկոսական տեղապահի ընտրություն
  4. ՀԱՍԵ միասնական Կանոնադրության ընդունումը
  5. Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրություն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարում է, որ «Կառավարության կողմից հրապարակված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մասին այսպես կոչված զեկույցն իր բովանդակության և ձևի մեջ հակասահմանադրական է, հակականոնական և անօրինական»։

«Ազատության» հարցին, թե ի՞նչ մեթոդով է վարչապետը պատրաստվում հասնել կաթողիկոսի հեռացմանը, Փաշինյանը պատասխանեց. «Իմ պատկերացումն այն է, որ Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու հավատացյալները պետք է իրենց իրավունքները իրացնելու երաշխիքներ ու լծակներ ունենան, իրենք կհեռացնեն կաթողիկոսին»:

«Մարդիկ կան ասում են՝ այսօր-վաղը պետք է լուծվի այդ հարցը: Ոչ: Դանդաղ, համակարգված, տանջելով, բայց գնալու ենք մինչև վերջ», - ասաց Փաշինյանը:

Հարցին, թե ինչո՞ւ դեռ տարիներ առաջ չէր անդրադառնում եկեղեցում եղած խնդիրներին, վարչապետն ասաց. «2018-ին մենք չէինք ուզում խառնվել՝ ելնելով այն ընկալումից, որ եկեղեցին ու պետությունն անջատ են, ու սահմաններ կան։ Իրենք են բացել այդ սահմանները։ Մենք իրենց բացած դռնով ենք մտել ու այդ դռնով գնալու ենք մինչև վերջ»։

Վարչապետ Փաշինյանը, որն ավելի քան մեկ տարի է՝ տարբեր պատճառաբանություններով փորձում է հասնել կաթողիկոսի հեռացմանը, այդ հարցը ներառել է նաև «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական և իր կառավարության ծրագրում։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում, սակայն, նա քաղաքացիների հետ այս մասին չի խոսել և չի անդրադարձել եկեղեցուն կամ հոգևորականներին։ Վարչապետն այս օրակարգը թարմացրեց միայն ընտրվելուց հետո։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Ցածրորակ և դեղին մամուլի հրապարակում». եկեղեցու դեմ զեկույցը քննադատում են իրավապաշտպանները