Հաջորդ տարի Հայաստանի ռազմական բյուջեն կաճի

Ռազմական տեխնիկայի ցուցադրություն մայիսի 28-ին՝ Երևանի Հանրապետության հրապարակում:

Հայաստանի կառավարությունը մտադիր է մեծացնել երկրի ռազմական բյուջեն՝ 563 մլրդից հասցնելով 616.5 միլիարդի՝ 1.7 մլրդ դոլարի։

2026-ին 2025-ի համեմատ պաշտպանության նախարարության բյուջեն կրճատվել էր գրեթե 15 տոկոսով, իսկ այժմ այն վերականգնվում է 9.5 տոկոսով։ Եկող տարվա պետական բյուջեի նախագիծը ներառված էր կառավարության այսօրվա նիստի օրակարգում և հաստատվեց։

616.5 միլիարդից ավելի քան 613 միլիարդը կուղղվի «Պաշտպանության ապահովում» ծրագրին։ Դա ներառում է Հայաստանի զինված ուժերի պահպանման, ռազմական, մարտական տեխնիկայի, տրանսպորտային միջոցների, կապի համակարգի սարքավորումների, զորանոցային և տեխնիկական գույքի, պարենի, հանդերձանքի, վառելիքաքսուքային նյութերի սահմանված պաշարների մակարդակի, զենքի և զինամթերքի հնարավոր ներհանրապետական գնումների, բանակի մարտունակության և կենսաապահովման պահանջների բավարարման ծախսերը։

Ռազմաբժշկական ուղղությամբ կառավարությունը նախատեսում է ծախսել 1 մլրդ 70 միլիոն դրամ, ևս 974 մլն դրամ կուղղվի միջազգային ռազմական համագործակցությանը, 306 միլիոն դրամ էլ հումանիտար ականազերծմանը։

Կառավարությունը մտադիր է 468 մլրդ դրամի պարտք վերցնել

Հայաստանի 2027 թվականի բյուջեի եկամտային մասը կկազմի ավելի քան 3.6 տրիլիոն դրամ, իսկ ծախսերը կգերազանցեն 4 տրիլիոն։ Կառավարությունը այս դեֆիիցտը փակելու համար մտադիր է 468 մլրդ դրամի պարտք վերցնել։ Այդ մասին տեղեկանում ենք կառավարության 2027 թվականի բյուջեի նախագծից։

Կառավարությունը կանխատեսել է, որ 2026-ին տնտեսական աճը կկազմի 5.6 տոկոս, իսկ եկող տարի 5.8 տոկոս, եթե կապիտալ ծախսերի դերը պահպանվի, Ամուլսարի ոսկու հանքն էլ սկսի շահագործվել։ Կառավարությունն այս տարվա համար սպասում է նաև ներմուծման ու արտահանման ծավալների նվազում, սակայն ոչ թե այն պատճառով, որ Ռուսաստանը մի շարք ապրանքների գծով սահմանափակումներ է կիրառել, այլ որովհետև վերաարտահանման դերը կտրուկ նվազել է։ Ակնկալվում է, որ արտահանման ուղղությամբ անկումը կկազմի 11.2 տոկոս։ Հայաստանի տնտեսության շարժիչ ուժերն են շարունակում մնալ ծառայությունների, շինարարության ու արդյունաբերության ոլորտները։

Կառավարությունը եկող տարի մտադիր է 18.6 տոկոսով ավելացնել բյուջետային հիմնարկների աշխատակիցների աշխատավարձերը։ Այս նպատակով նախատեսվում է ծախսել ավելի քան 318 մլրդ դրամ, 50 միլիարդով ավելի, քան հիմա է։ Վերջերս կառավարությունը նախաձեռնեց պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման գործընթաց՝ վերանայելով դրույքաչափերը, մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը գրեթե կրկնապատկվեցին։

Կառավարության եկող տարվա առաջնահերթություններն են առողջապահության ապահովագրության համակարգի աշխատանքի շարունակականությունը, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար բնակարանային ապահովման ծրագրերը (կհատկացվի 50 մլրդ դրամ), ակադեմիական քաղաքի ծրագիրը (կհատկացվի 6.8 մլրդ դրամ), անկանխիկ վճարման դեպքում կենսաթոշակառուների հետվճարի համակարգը (կծախսվի 60 մլրդ):

Բյուջեի նախագիծը կուղարկվի խորհրդարան՝ հաստատման: