Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքում կիրակի տեղի ունեցած տեղական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն, որը ոչ մի մրցակից չուներ, ստացել է ձայների 95 տոկոսը:
Թումանյանում քվեարկությանը մասնակցել է ընտրողների գրեթե 60 տոկոսը: Թեև ընդդիմադիր ուժերը ավելի վաղ պնդում էին, թե ակտիվորեն մասնակցելու են տեղական ընտրություններին, սակայն Թումանյանում ՔՊ-ի դեմ ոչ մեկը չառաջադրվեց:
Սուրեն Թումանյանը Թումանյանի գործող համայնքապետն էր, 5 տարի առաջ առաջադրվել էր իշխանամետ «Հանրապետություն» կուսակցության ցուցակով ու այն ժամանակ հաղթել ՔՊ-ի թեկնածուին: Այս անգամ արդեն 5 տարի ղեկավարած համայնքապետը իշխող կուսակցության ցուցակով առաջադրվեց:
Լերմոնտովոյում ևս ընտրությունն անցել է առանց մրցակցության։ Համայնքի ղեկավարի միակ թեկնածուն գործող համայնքապետ, ՔՊ-ի թեկնածու Էդիկ Չախալյանն էր։ Քվեարկությանը մասնակցած 216 ընտրողներից 202-ը կողմ է քվեարկել Չախալյանին։ Չախալյանը Լերմոնտովոն ղեկավարում է դեռ 1997 թվականներից։
Ֆերիկում և Արզնիում քվեարկությունն անցկացվում էր միայն ավագանու անդամների համար։ Ֆերիկում ևս փաստացի մրցակցություն չկար՝ ավագանու հինգ տեղի համար առաջադրվել էր հինգ թեկնածու։ Արզնիում ավագանու յոթ տեղի համար պայքարում էր 17 թեկնածու։
Ընտրողների մասնակցությունը Թումանյանից հետո ամենաբարձրը Ֆերիկում էր՝ 57,06 տոկոս։ Արզնիում քվեարկել է ընտրողների 45,2 տոկոսը, Լերմոնտովոյում՝ 35,29 տոկոսը։ Թումանյանում մասնակցությունը կազմել է 59,96 տոկոս։
Առջևում հոկտեմբերի 25-ի տեղական ընտրություններն են, որոնք կանցկացվեն 21 մեծ ու փոքր համայնքներում, այդ թվում՝ Գորիսում, Վարդենիսում, Ստեփանավանում, Հրազդանում, Ծաղկաձորում, Մեղիրում և այլուր:
Այս ընտրություններում ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանը» առաջադրվել է միայն Ստեփանավանում, «Հայաստան» դաշինքի մաս կազմող Դաշնակցությունը Մարտունի, Արտաշատ, Հրազդան, Ծաղկաձոր համայնքներում: Դաշինքի մաս կազմող մյուս ուժը՝ «Առաջ» կուսակցությունն էլ միայն Արմավիրի Արաքս համայնքում է առաջադրվել: