«TRIPP-ում ներդրումների դիմաց մասնաբաժնի փոխանցում նախատեսված չէ և չի դիտարկվում». կառավարության պարզաբանումը

Հայաստանի հարավով անցնող հայ - ամերիկյան TRIPP նախագծում ներդրումների դիմաց մասնաբաժնի փոխանցման ձևաչափ նախատեսված չէ և չի դիտարկվում, «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտնել է Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը:

Օգոստոսին Հայաստանի վարչապետ և Ղազախստանի նախագահի հետ հեռախոսազրույցից հետո ղրզղական լրատվամիջոցներից մեկն առանց որևէ պաշտոնյայի հղում անելու գրել էր, թե Նիկոլ Փաշինյանը Կասիմ-Ժոմարտ Տոկաևին առաջարկել է, որ Ղազախստանն ու Ղրղըզստանը TRIPP նախագծի բաժնետեր դառնան: Ըստ այս աղբյուրի` Երևանն առաջարկել է այս նախագծում 26 տոկոս իր մասնաբաժնից 5-ական տոկոս փոխանցել Ղազախստանին ու Ղրղըզստանին՝ ներդումների դիմաց: Մնացած 74 տոկոս մասնաբաժինը, ըստ հայ - ամերիկյան համաձայնագրի, պատկանում է ԱՄՆ-ին:

Նախատեսվում է, որ շինարարության ավարտին այն կներառի երկաթուղի, ավտոճանապարհ, խողովակաշարեր, էլեկտրաէներգետիկ ենթակառուցվածքներ և տվյալների փոխանցման թվային կապուղիներ։


«Ազատությունը» գրավոր հարցում էր ուղարկել վարչապետ Փաշինյանին՝ խնդրելով պարզաբանել, թե արդյոք այդպիսի առաջարկ է արե՞լ Տոկաևին: Հարցումը վերահասցեագրել էին արտաքին գերատեսչություն, որտեղից պատասխանել են, որ TRIPP-ում ներդրումների դիմաց մասնաբաժիններ փոխանցելու ձևաչափ չկա ու չի դիտարկվում:

Ամերիկացի մասնագետները TRIPP-ի տեղանքում, Սյունիք, 10-ը հուլիսի, 2026թ.

«Ազատությունը» վարչապետին նաև գրավոր հարցրել էր, թե հայկական երկաթուղիների ղեկավարումը Ղազախստանին փոխանցելու հնարավորությունը քննարկե՞լ են: Նախարարությունից ստացած գրությունում այս հարցի պատասխանը չկա: Սակայն Փաշինյանը օրերս տված հարցազրույցում հայտարարեց, որ ղազախստանին հայկական երկաթուղու կառավարումը հանձնելու սցենարին Երևանը «դեմ չէ»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ղազախստանին հայկական երկաթուղու կառավարումը հանձնելու սցենարին դեմ չենք. Փաշինյան


Հայկական կողմը դեռ տարեսկզբից Մոսկվային առաջարկում է հայկական երկաթուղու 30-ամյա ռուսական կոնցեսիան վաճառել բարեկամական երրորդ երկրի՝ պնդելով, որ Արևմուտքի հետ թշնամական հարաբերություններ ունեցող Ռուսաստանի կառավարման պատճառով Հայաստանը տարածաշրջանում կորցնում է մրցակցությունը: Ռուսաստանը, մինչդեռ, որևէ պատճառ չի տեսնում հայկական երկաթուղու շահագործման իր կոնցեսիոն իրավունքը որևէ մեկին փոխանցելու համար և առայժմ մերժել է Երևանի առաջարկը: Ակնկալվում է, որ Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպմանը, որի ամսաթիվը դեռ հայտնի չէ, նաև այս հարցը կքննարկվի:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո որևէ կնճռոտ հարցի լուծման մասին չհայտարարվեց