Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը և ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը։
Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի շրջանակում տեղի ունեցած հանդիպմանն ընդգծվել է կարգավորման գործընթացն առաջ մղելու կարևորությունը և հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու պատրաստակամությունը, հայտնում է Հայաստանի կառավարութունը:
Կողմերն անհրաժեշտ են համարել առևտրատնտեսական հարաբերությունների խթանմանը, գործարար շրջանակների միջև կապերի ձևավորմանը, ինչպես նաև Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնմանը միտված աշխատանքների հետևողական իրականացումը։
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ:
Փաշինյանը և Էրդողանը շեշտել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փաստը՝ վստահություն հայտնելով, որ այն էական ազդեցություն կունենա տարածաշրջանային համագործակցության զարգացման գործում։ Այդ համատեքստում, ընդգծվել է TRIPP նախագծի իրականացման ու տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման անհրաժեշտությունը:
Հանդիպմանը մասնակցել են նաև երկու երկրների արտգործնախարարները:
Վարչապետ Փաշինյանն էլ հանդիպումից կարճ տեսանյութ է հրապարակել:
Նախօրեին Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից հայտարարել էր՝
Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել հարաբերությունների կարգավորման գործընթացում:
«Մեր երկրի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն ընթանում է նախատեսվածի համաձայն», - ասել է Էրդողանը։
Այս ամսվա սկզբին էլ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ասել էր, որ Հայաստանն ամեն ինչ անում է Թուրքիայի հետ սահմանների բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար: Նախագահի խոսքով՝ սահմանային անցակետերում անհրաժեշտ աշխատանքներն իրականացվել են, և դրանք պատրաստ են ապահովելու մարդկանց, ապրանքների ու տրանսպորտային միջոցների տեղաշարժը։
Ավելի քան երեք տասնամյակ դիվանագիտական հարաբերություններ չունեցող Երևանն ու Անկարան 44-օրյա պատերազմից հետո կարգավորման հարցով բանակցություններ սկսեցին: 2022 թվականի հունվարից երկու երկրների հատուկ ներկայացուցիչները մի շարք հանդիպումներ են անցկացրել:
Թեև Երևանն ու Անկարան այս տարիներին հայտարարել են, որ պատրաստ են հարաբերությունները վերականգնել առանց նախապայմանների, այդուհանդերձ Թուրքիայից չեն թաքցրել՝ հայ-թուրքական հարաբերություններն ուղիղ կապ ունեն հայ-ադրբեջանական կարգավորման հետ: