Մատչելիության հղումներ

Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետերը պատրաստ են սահմանների բացմանը և տեղաշարժին. ՀՀ նախագահ

Հայաստանն ամեն ինչ անում է Թուրքիայի հետ սահմանների բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Չեխիա կատարած պաշտոնական այցն ամփոփող ասուլիսի ընթացքում հայտարարել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ պատասխանելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի և սահմանը բացելու հեռանկարների մասին լրագրողի հարցին։

Նախագահի խոսքով՝ սահմանային անցակետերում անհրաժեշտ աշխատանքներն իրականացվել են, և դրանք պատրաստ են ապահովելու մարդկանց, ապրանքների ու տրանսպորտային միջոցների տեղաշարժը։

«Մենք պատրաստ ենք ցանկացած պահի, այս պահին էլ, սահմանի բացմանը։ Դուք տեղյակ եք, որ սահմանային կետերում համապատասխան աշխատանքներն իրականացվել են, և դրանք պատրաստ են ապահովելու մարդկանց, ապրանքների ու մեքենաների տեղաշարժը»,- հայտարարել է նա։

Նախագահի խոսքով՝ հայ-թուրքական կարգավորման գործընթացը դիտարկվում է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավման ու տարածաշրջանային խաղաղության հաստատման համատեքստում։

Ավելի քան երեք տասնամյակ դիվանագիտական հարաբերություններ չունեցող Երևանն ու Անկարան 44-օրյա պատերազմից հետո կարգավորման հարցով բանակցություններ սկսեցին: 2022 թվականի հունվարից երկու երկրների հատուկ ներկայացուցիչները մի շարք հանդիպումներ են անցկացրել:

Թեև Երևանն ու Անկարան այս տարիներին հայտարարել են, որ պատրաստ են հարաբերությունները վերականգնել առանց նախապայմանների, այդուհանդերձ Թուրքիայից չեն թաքցրել՝ հայ-թուրքական հարաբերություններն ուղիղ կապ ունեն հայ-ադրբեջանական կարգավորման հետ:



XS
SM
MD
LG