Խորհրդարանական ընդդիմադիր ամենամեծ ուժը՝ «Ուժեղ Հայաստանն» Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձն այսօր նշել է Տիգրանաշենում ու ծառատունկ կազմակերպել:
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյան, արխիվ
«Մեր անկախության այս տարվա մարտահրավերը Տիգրանաշենն է: Զարգացում և ոչ թե հանձնում, սա է մեր հիմնական գաղափարախոսությունը: Ծառատունկից բացի մենք գլեմփփինգ տեսակի տուրիստական ծրագիր ենք առաջարկելու: Մոտակա ժամանակներում դիմելու ենք շինթույլտվույան համար: Այստեղ տուրիսատական շարժ պետք է լինի, որ մարդիկ դուրս չգան»,- ասել է ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը:
Անկախության տոնը Տիգրանաշենում նշելու ու այստեղ տուրիստական կենտրոն ստեղծելու նախագծին վարչապետ Փաշինյանը դեռ չի արձագանքել:
Հայաստանի ղեկավարը վերջին շրջանում Տիգրանաշենն անվանում է ադրբեջանական անունով՝ Քյարքի, պնդելով՝ 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի ընդունման պահի դրությամբ Հայաստանի ու Ադրբեջանի տարածքներն արտահայտող քարտեզներով Քյարքին, Բարխուդարլուն, Յուխարի Ասկիպարան Հայաստանի տարածք չեն, այս պահին Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Արծվաշենն է Հայաստանի տարածք:
Փաշինյանը, սակայն, դեռ չի հստակեցնում՝ ինչպես է իր իշխանությունը պատրաստվում լուծել 1990-ականների հայ - ադրբեջանական առաջին պատերազմի ժամանակ Հայաստանին անցած Տիգրանաշենի ճակատագիրը:
Ընդդիմադիր խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն այսօր կարծիք է հայտնել, թե զբոսաշրջային իրենց ծրագրի շինթույլտվությունը կարող է «խնդրահարույց» լինել: Նա նշել է, որ շինթույլտվությունը ռեստորանային հատվածի համար է անհրաժեշտ: