Մատչելիության հղումներ

Փաշինյանը չի հստակեցնում՝ Տիգրանաշենի ճակատագիրը հանրաքվեո՞վ, թե՞ այլ սցենարով է որոշվելու

Տիգրանաշեն, արխիվ
Տիգրանաշեն, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի հստակեցնում՝ իր իշխանությունը պատրաստվո՞ւմ է հանրաքվեով լուծել 1990-ականների հայ - ադրբեջանական պատերազմի ժամանակ Հայաստանին անցած Տիգրանաշենի ճակատագիրը:

«Սահմանազատումները ամփոփվում են միջպետական պայմանագրով պետական սահմանի մասին, պետք է գա հասնի այդ կետին, որպեսզի մենք տեսնենք՝ այդ փաստաթղթի արդյունքում հանրաքվե պե՞տք է, թե՞ չէ», - այսօր հայտարարեց վարչապետը՝ շարունակելով. - «Հիմա GPS-ները կան, միլիմետրի ճշտությամբ հնարավոր է այդ սահմանը տեղը որոշել: Ենթադրենք՝ ինչ-որ մի ենթակառուցվածքի խողովակի հետ կապված, մի մետր կոր էր, ուղղվեց մի մետր ստեղ, մի մետր ստեղ: Դրա համար հանրաքվե պետք է՞, թե պետք չի՞, իհարկե պետք չի: Որովհետև տարածքի փոփոխություն տեղի չի ունեցել: Իսկ եթե կպարզվի, որ տարածքի փոփոխություն է տեղի ունենում, էդ ժամանակ արդեն հանրաքվե կլինի, այդ թվում մեր իրավաբան գործընկերները կասեն՝ պե՞տք է, թե՞ չէ»:

Օրեր շարունակ Հայաստանի վարչապետը Տիգրանաշենն անվանում է ադրբեջանական անունով՝ Քյարքի, պնդելով՝ 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի ընդունման պահի դրությամբ Հայաստանի ու Ադրբեջանի տարածքներն արտահայտող քարտեզներով Քյարքին, Բարխուդարլուն, Յուխարի Ասկիպարան Հայաստանի տարածք չեն, այս պահին Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Արծվաշենն է Հայաստանի տարածք:

«Էս պահին սահմանազատման դետալների հետ կապված, որ էս պետք է գնա, էս պետք է գա և այլն, չկա ոչ մի պայմանավորվածություն, ոչ մի: Էդ պայմանավորվածությունների թիվը զրո է», - ասաց Փաշինյանը:

Երևանն ու Բաքուն ի՞նչ որոշման կգան. ամեն ինչ կմնա նո՞ւյնը, թե՞ էքսկլավ-անկլավները կփոխանակվեն: Գործող Սահմանադրության համահեղինակներից սահմանադրագետ Վարդան Պողոսյանի կարծիքով՝ որ սցենարն էլ լինի, հանրաքվեն պարտադիր է. Սահմանադրությամբ երկրի տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են ժողովրդի քվեարկությամբ: Այս պահին վարչատարածքային բաժանման օրենքի բնակավայրերի ցանկում կա միայն Տիգրանաշեն անունը, այն Արարատի մարզի Պարույր Սևակ համայնքի գյուղերից է:

«Բոլոր այն տարածքները, որոնք, ըստ Փաշինյանի, կոչվում են անկլավներ, դրանք Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքն են: Տիգրանաշենի պարագայում դա առավել ևս ակնհայտ է, որովհետև Տիգրանաշեն բառը ուղղակիորեն գրված է վարչատարածքային բաժանման մասին ՀՀ օրենքում, մնացած երեք այսպես կոչված տավուշյան անկլավները ընդգրկված են այլ համայնքների տարածքներում այլ անուններով և դրանք նույնպես Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք են հանդիսանում: Հետևաբար, ցանկացած տարածքի փոփոխություն Հայաստանի սուվերեն տարածքի փոփոխություն է և 205-րդ հոդվածի ուժով ենթակա է անպայման հանրաքվեի»,- ասում է սահմանադրագետը:

Երկու տարի առաջ Տավուշ-Ղազախ հատվածում ոչ անկլավային չորս գյուղերն Ադրբեջանին փոխանցելու ժամանակ վարչապետ Փաշինյանը պարբերաբար շեշտում էր՝ եթե չհամաձայնեն, պատերազմ կլինի: Այսօր խորհրդարանական ընդդիմությունը կարծում է՝ Տիգրանաշենին Քյարքի ասելով՝ վարչապետը ռազմավարական կարևոր դիրք ունեցող տարածքը, որով նաև Իրանը Հայաստանին կապող միջպետական ճանապարհն է անցնում, «Ադրբեջանին հանձնելու հող է նախապատրաստում»:

«Իմ հիմնական խնդիրն էդ հարցի շուրջ նյարդը վերացնել է, որպեսզի մենք ստանանք նորմալ լուծումներ», - մինչ վարչապետն այս պնդումն է անում, Վարդան Պողոսյանը առավել քան վստահ է, որ «զիջելու է». - «Էս օվերտոնյան պատուհանը իրենք բացում են, մարդկանց հասարակական կարծիքը սկսում է կամաց-կամաց ընտելանալ ինչ-որ մի չակերտավոր իրողությանը, որ, հա, ոնց որ դա մերը չի, դա Ադրբեջանինն է, ի՞նչ իրավական հիմքեր ունենք, և այլն, և այլն… հետո հանգիստ հանձնում են: Է, ո՞նց հանձնեցին տավուշյան էն տարածքները»:

Անկլավների թեման Ադրբեջանն անգամ 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթուղթ էր ուզում բերել, բայց վերջնական տարբերակում այն տեղ չգտավ, այդուհանդերձ, ադրբեջանցիները դրանից հետո էլ չհրաժարվեցին անկլավները վերադարձնելու գաղափարից: Այս պահին դրա լուծումը համարում են սահմանազատումը:

Իսկ Փաշինյանը տարբեր տարիներին տարբեր դիրքորոշումներ է ունեցել. հինգ տարի առաջ փաստացի իրավիճակը պահպանելու կողմնակից էր, դեռ մի քանի ամիս առաջ Հայաստանում ադրբեջանական անկլավների իրավական հիմքեր էր փնտրում, այսօր պնդում է՝ դա այն քարտեզն է, որով Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը. իսկ համաձայն չլինել՝ «սա նշանակում է պատերազմ հայտարարել», - ասել է Հայաստանի ղեկավարը:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG