Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան կարող է ռազմական կարիքներ ունենալ՝ Եմենի հութիների շարունակվող հարձակումների պատճառով, և Թուրքիան պատրաստ է աջակցել այդ հարցում՝ Թուրքիայի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի միջև կնքված եռակողմ պաշտպանական համաձայնագրի շրջանակում։
«Մենք տեսնում ենք, որ շատ լուրջ հարձակումներ են իրականացվում Սաուդյան Արաբիայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ։ Մեր համաձայնագրով մենք դաշինքային պարտավորություն ունենք։ Այս հարցում մենք լուրջ համերաշխություն ենք ցուցաբերում... Նրանք կարող են որոշակի ռազմական կարիքներ ունենալ, հատկապես տեխնիկական հարցերում։ Մենք որևէ խնդիր չենք ունենա դրանք բավարարելու հարցում», - NTV հեռուստաընկերությանը ասել է Ֆիդանը։
Մեքքայում անցած ամիս ստորագրված համաձայնագիրը սահմանում է, որ երեք երկրներից որևէ մեկի դեմ զինված հարձակումը պետք է դիտարկվի որպես հարձակում բոլոր երեքի դեմ։
Հութիները, որոնք վերահսկում են Եմենի ամենախիտ բնակեցված շրջանները, հուլիսին Ռիադի դեմ ծովային շրջափակում հայտարարելուց հետո հարձակումներ են սկսել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ։ Սա նոր ճակատ է ավելի լայնածավալ պատերազմի շրջանակում, որը սկսվել է փետրվարի վերջին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի ուղղությամբ իրականացված հարվածներից հետո։
Հարձակումների թիրախում են հայտնվել Սաուդյան Արաբիայի քաղաքները, էներգետիկ ենթակառուցվածքները և ծովային նավագնացությունը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է Սաուդյան Արաբիայի՝ հութիների դեմ պայքարում ռազմական աջակցություն տրամադրելու խնդրանքները։
Ֆիդանը հայտարարել է, որ անընդունելի է Սաուդյան Արաբիային ԱՄՆ-Իրան պատերազմի մեջ ներքաշելը, քանի որ Ռիադը ցանկություն չունի միանալու հակամարտությանը։ Նա նաև, առանց մանրամասներ ներկայացնելու, ասել է, որ բոլոր կողմերին առաջարկներ են փոխանցվել՝ մարտական գործողությունները դադարեցնելու նպատակով։