Փաշինյանն անկլավի հարցը և գազի հնարավոր թանկացումը «Կիկոսի մահվան» հետ համեմատեց

Ռուսական գազի հնարավոր թանկացումն ու Ադրբեջանին Արարատի մարզի Տիգրանաշեն/Քյարքի համայնքի վերադարձի հարցով հնարավոր հանրաքվեն վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա ճեպազրույցում համեմատեց «Կիկոսի մահվան» հետ:

«Ազատությունը», մասնավորապես, հետաքրքրվել էր՝ հայ-ռուսական լարվածության պայմաններում Ռուսաստանից շարունակվում են գազի թանկացման թեմայով սպառնալիքները, Կենտրոնական բանկի նախագահն էլ դա օրերս «ապոկալիպտիկ» սցենար էր համարել, արդյոք Հայաստանը այլ երկրներից գազ գնելու առարկայական բանակցություններ է վարո՞ւմ: Հաջորդ հարցն էլ Տիգրանաշեն/Քյարքիի մասին էր, թե «երբ ասում է, որ Հայաստանում «Քյարքի» անունով տարածք չկա, բայց այնտեղ Տիգրանաշենն է, իսկ Սահմանադրության համաձայն տարածքային հարցերը հանրաքվեով են լուծվում, արդյոք պատրաստվո՞ւմ է հանրաքվե անել»: Երկու դեպքում էլ Փաշինյանը հղում արեց հայտնի հեքիաթի հերոսին:

«Ես հասկանում եմ, որ «Կիկոսի մահը» մեր հոգեբանության մեջ մեծ նշանակություն ունեցող ստեղծագործություն է, բայց առաջարկում եմ ամեն ինչում և ամեն տեղ չառաջնորդվել «Կիկոսի մահով»: Երբ հանրաքվեի կարիք կլինի, կանենք հանրաքվե, երբ չի լինի կարիք, չենք անի: Երբ խնդիր կլինի ինչ-որ գին կառավարել, կկառավարենք: Անընդհատ «Կիկոսի մահով» առաջնորդվելը մեր գործելաոճը չի, մյուս կողմից մենք շարունակում ենք աշխատել, ինչպես մեր բիշքեկյան բանակցությունների ընթացքում Ռուսաստանի հետ մենք պայմանավորվեցինք, որ գույքագրում իրականացնենք Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների և տեսնենք՝ ինչ շերտերից է բաղկացած, որովհետև մեկ էլ գալիս է մի հարց՝ ասենք երկաթուղի, ամեն ինչ մոռանում ենք, կենտրոնանում ենք երկաթուղու վրա, հետո գալիս է գազը», - արձագանքեց Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները բազմաշերտ են. «Այդ շերտերում բազմաթիվ հարցեր կա, հնարավորություններ կան, խնդիրներ կան, մենք ամբողջության մեջ ենք նայում: Եվ, այո՛, այդ գույքագրման պրոցեսները գնում են և քննարկումները շարունակվում են կամ սկսվում են»:

Կրեմլից պարբերաբար սպառնում են՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում գազը Հայաստանի համար կթանկանա:

Ըստ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի՝ այս քայլը կարող է ոչ միայն գնաճի, այլև Հայաստանի տնտեսական անկման ռիսկի հանգեցնել: «Մեր տեսանկյունից X տիպի սցենար է, ոչ Ա է, ոչ Բ, դա ավելի ապոկալիպտիկ բան է ենթադրում, որին մեր արձագանքը պիտի լինի ավելի ուժգին ու ոչ բնականոնի մեջ, դրա համար մենք այս պահին շարժվում ենք մեր բնականոն ընթացքով, բայց մտքում ունենալով այդ հնարավոր խնդիրների առկայությունը», - օրերս ասել էր ԿԲ նախագահը:

«Ազատության» ճշտող հարցին՝ կա՞ն Իրանի, Ադրբեջանի, Թուրքմենստանի հետ գազի շուրջ բանակցություններ, Փաշինյանը խուսափեց ուղիղ պատասխանել՝ նշելով. «Միջազգային հարաբերությունների մեր պատկերացումն այն է, որ երբեք որևէ մի տեղ որևէ բանում բանակցությունները չպետք է ընդհատվեն: Ամեն ինչի շուրջ բոլոր հնարավոր տեղերում կան բանակցություններ, այո՛»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը 10 օրով կդադարեցվի․ «Գազպրոմ Արմենիա»ԿԲ-ն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ «չեզոքացնելու մեծ թանկացումների ռիսկը»