ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է բարձր մաքսատուրքեր սահմանել Եվրամիության նկատմամբ կամ նույնիսկ դադարեցնել առևտուրը ԵՄ-ի հետ, եթե Կանադայի հետ միության մերձեցումը Վաշինգտոնը «ոչ բարեկամական քայլ» համարի։
Թրամփն այսպես է արձագանքել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի առաջարկին՝ Կանադային դարձնել Եվրամիության առաջին «ասոցացված անդամը»։ «Եթե նրանք դա անեն, և ես թեկուզ փոքր-ինչ համարեմ, որ դա ոչ բարեկամական քայլ է, շատ բարձր մաքսատուրքեր կսահմանեմ կամ կդադարեցնեմ առևտուրը Եվրոպայի հետ», - հայտարարել է ԱՄՆ նախագահը նախընտրական միջոցառման ժամանակ։
Ֆոն դեր Լայենը նախօրեին Եվրախորհրդարանում, Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի ներկայությամբ, հայտարարել էր, որ Բրյուսելը ցանկանում է Կանադայի հետ հարաբերությունները հասցնել «հնարավոր ամենաբարձր մակարդակի» և աշխատել, որ երկիրը դառնա ԵՄ առաջին «ասոցացված անդամը»։ Նման կարգավիճակ Եվրամիությունում այժմ գոյություն չունի, և դրա ձևաչափն ու պայմանները դեռ պետք է մշակվեն։
Ֆոն դեր Լայենը նշել է, որ համագործակցությունը կարող է ընդգրկել, մասնավորապես, տեխնոլոգիաների և պաշտպանական արդյունաբերության ոլորտները՝ ընդգծելով, որ Կանադայի և ԵՄ-ի մերձեցումն ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ։
Թրամփի հայտարարությունը հնչում է Վաշինգտոնի և Օտտավայի միջև սրված առևտրային հարաբերությունների ֆոնին։ Սեպտեմբերի 16-ին ԱՄՆ նախագահը նաև հանձնարարել է քայլեր ձեռնարկել կանադական ապրանքները դաշնային պետական գնումներից դուրս թողնելու ուղղությամբ՝ դա հիմնավորելով Կանադայում ամերիկյան ընկերությունների համար ստեղծված սահմանափակումներով։
Սեպտեմբերի 15-ից ԱՄՆ-ը կանադական մի շարք ապրանքների նկատմամբ նաև լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրքեր է կիրառում։