Քրեական հեղինակության հետ կապեր, կոնֆլիկտ ու ապօրինի համարանիշներ. Հայկ Սարգսյանի շուրջ աղմուկը չի մարում

Ալեն Սիմոնյան, Հայկ Սարգսյան

Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը պնդում է, թե իր կուսակից Հայկ Սարգսյանը Մոսկվայում քրեական հեղինակության հետ է շփվել, շփումն էլ ավարտվել է իր ու այդ մարդու կոնֆլիկտով: Քրեական հեղինակության անունը Սիմոնյանը չտվեց, միայն նշեց, թե նա դատվածություն ունեցող «Վրաստանի հայ է»:

Դեպքը, ըստ Սիմոնյանի, տեղի է ունեցել գործուղման ժամանակ, երբ ինքը խորհրդարանի խոսնակն էր:

«Հյուրանոցի նախամուտքում նստած սպասում էինք, որպեսզի գնանք հանդիպմանը, ինքն էր, ես էի, Տարոն Մարգարյան էր, Մարինե Ղազարյանն էր, պատվիրակությունով նստած էինք, ինձ առաջարկեց՝ «պապայի ընկերն ա, մեր ընտանիքի ընկերն ա, կարելի՞ ա գա, պարոն Սիմոնյան»։ Ասեցի՝ «հա»։ Եվ ներս մտավ մի անձնավորություն, որին ես, անկեղծ, չէի ճանաչում, հետո իմացա ով ա ... ու որի ներկայությունը բերեց կոնֆլիկտի, որի ընթացքում ինքը ձեռը գցեց, բռնեց իմ ձեռքից, Ազգային ժողովի նախագահի ձեռքից քաշեց, ես իրա վրա բղավեցի... ու վերջում պարզվեց, որ շատ հայտնի քրեական հեղինակություն է», - պատմեց Սիմոնյանը:

«Ազատության» հարցին, թե Հայաստանում քրեական ենթամշակույթին հարելը քրեականացված է, ինչո՞ւ հաղորդում չի ներկայացրել իրավապահներին, Սիմոնյանը պատասխանեց, թե «այդ ժամանակ օրենքը դեռ ընդունված չէր»:

Ազգային ժողովի նախկին նախագահը նաև պատմեց, թե ինչպես է բացահայտել կուսակցի կողմից օպերատիվ համարանիշների ապօրինի օգտագործումը:

«Ինձ եկան ասեցին, որ ավտոկայանատեղիում մի հատ թանկարժեք մեքենա է՝ օպերատիվ համարներով: Ասեցի՝ ումն է այդ մեքենան և որտեղից օպերատիվ համարներ: Իմ համար արդեն պարզ էր՝ ումը կարող է լինել, բայց ասեցի՝ մի հատ ստուգեք: Զանգեցի ոստիկանություն, ասացին՝ գիտե՞ք, երկու տարի առաջ այդ համարները ոչնչացվել են, մարվել են: Մենք վարչության նիստ ունեինք այդ օրը, ես դուրս եկա, նստեցի մեքենաս, տեսնեմ Հայկ Սարգսյանը նստում է այդ մեքենան, գալիս է: Վարչության ժամանակ իրեն հարց տվեցի, երբ որ իրա հարցն էին քննում, ասեցի՝ ի՞նչ մեքենայով ես եկել: Ասեց՝ մեր մեքենայով: Ասեցի՝ իսկ ի՞նչ համարներ են վրան: Մի հատ այլ, ուրիշ համարներ ասեց: Ասեցի՝ ոչ, այս համարներով ես եկել: Ու պարզ դարձավ, որ ճիշտ չի ասում», - պատմեց Սիմոնյանը:

Հայկ Սարգսյանը շարունակում է լռել

Նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանը անցած շաբաթվանից չի արձագանքում իր հասցեին կուսակիցների, այդ թվում վարչապետ Փաշինյանի աղմկահարույց մեղադրանքներին: Նա այսօր ևս «Ազատության» հեռախոսազանգերին չպատասխանեց:

Բայց հայտնի է, որ երեկ «Քաղաքացիական պայմանագրի» վարչությունը քննարկել է Սարգսյանի հարցը, սակայն առայժմ որոշում չի կայացրել։ ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանն այսօր «Ազատության» հետ զրույցում չէր բացառել, որ քննարկումների արդյունքում կարող է նաև Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու հարց բարձրացվել։

Հայկ Սարգսյանի շուրջ ներկուսակցական քննարկումները հաջորդում են նրա վերջին հարցազրույցին ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոշտ արձագանքին։ Սարգսյանը պնդել էր, որ ՔՊ-ում մեկուսացվել է այն բանից հետո, երբ կուսակցության ներսում բարձրաձայնել է հովանավորչության և այլ խնդիրների մասին։ Փաշինյանը նրա դիրքավորումը որակել էր «քաղաքականության մեջ իր տեսած ամենաանազնիվ դրսևորումներից մեկը» և հակադարձել, որ հենց Սարգսյանն է փորձել իշխանական լծակներն օգտագործել արտոնյալ վերաբերմունք ստանալու համար։

Վարչապետը նաև հայտնել էր, որ Սարգսյանի հայտարարությունների առնչությամբ քրեական գործ է հարուցվել։ Քննչական կոմիտեն առայժմ հրաժարվում է գործից մանրամասներ հայտնել: