«Քաղաքացիական պայմանագրի» վարչությունը երեկ քննարկել է նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի վարքագծի հարցը, սակայն առայժմ որևէ որոշում չի կայացրել։ ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանն այսօր «Ազատության» հետ զրույցում չբացառեց, որ քննարկումների արդյունքում կարող է նաև Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու հարց բարձրացվել։
ՔՊ վարչության երեկվա նիստից հետո տարածված հաղորդագրությունում միայն նշվել էր, որ քննարկվել են կարգապահական հարցեր։ Հակոբյանն այսօր մանրամասնեց՝ կուսակցության վերահսկող հանձնաժողովը զեկույցներ է ներկայացրել շուրջ 6-7 կուսակցականի վերաբերյալ, նրանց թվում է նաև Հայկ Սարգսյանը։
«Պարոն Սարգսյանի վերաբերյալ ևս եղել է քննարկում, բայց ոչ որոշում», - ասաց Հակոբյանը։
Նրա խոսքով՝ Սարգսյանի դեպքում ամենամտահոգիչ հարցերից մեկը կուսակցության բարի համբավին վնասող վարքագիծն ու կուսակիցների հասցեին հնչեցրած, իրենց գնահատմամբ, զրպարտչական հայտարարություններն են։ Հակոբյանը հիշեցրեց նաև, որ Սարգսյանը նախկինում մեկից ավելի անգամ խիստ նկատողություն է ստացել կուսակցությունից։
Հարցին՝ հնարավո՞ր է Սարգսյանին հեռացնեն ՔՊ-ից, Հակոբյանը պատասխանեց, որ նման դեպքեր նախկինում եղել են և նման հարց կարող է բարձրացվել, սակայն վերջնական որոշման համար քննարկումները դեռ պետք է շարունակվեն։
Հայկ Սարգսյանի շուրջ ներկուսակցական քննարկումները հաջորդում են նրա վերջին հարցազրույցին ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոշտ արձագանքին։ Սարգսյանը պնդել էր, որ ՔՊ-ում մեկուսացվել է այն բանից հետո, երբ կուսակցության ներսում բարձրաձայնել է հովանավորչության և այլ խնդիրների մասին։ Փաշինյանը նրա դիրքավորումը որակել էր «քաղաքականության մեջ իր տեսած ամենաանազնիվ դրսևորումներից մեկը» և հակադարձել, որ հենց Սարգսյանն է փորձել իշխանական լծակներն օգտագործել արտոնյալ վերաբերմունք ստանալու համար։
Վարչապետը նաև հայտնել էր, որ Սարգսյանի հայտարարությունների առնչությամբ քրեական գործ է հարուցվել։ Քննչական կոմիտեն գործից մանրամասներ չի հայտնել, իսկ Սարգսյանն «Ազատության» զանգերին չէր պատասխանել։
Հասմիկ Հակոբյանն այսօր անդրադարձավ նաև հարցին, թե ինչու է Սարգսյանը, չնայած ՔՊ-ի հետ լարված հարաբերություններին, մասնակցում կուսակցական հավաքներին։ Նրա խոսքով՝ Սարգսյանը ՔՊ քաղաքական ժողովի անդամ չէ, իսկ այն հավաքը, որին նա մասնակցել է, քաղաքական ժողովից հետո անցկացված ավելի ազատ ձևաչափով հանդիպում էր, որին հրավիրված էին նաև նախորդ գումարման պատգամավորները։