Մատչելիության հղումներ

Ո՞վ և ինչո՞ւ պետք է հայտնվի բանտում Հայկ Սարգսյանի պնդումների հետքերով

ՔՊ-ական Հայկ Սարգսյանի հայտարարությունների առնչությամբ քրեական գործ է հարուցվել, այսօր հայտարարեց վարչապետն ու նախանշեց այդ գործի ելքը՝ բանտում պետք է մարդ հայտնվի:

ՔՊ-ական Հայկ Սարգսյանը օրերս «Տետ ա տետ» հաղորդման ընթացքում քննադատել էր նախկին թիմակիցներին՝ ակնարկելով, որ իրեն մեկուսացրել են թիմից՝ հովանավորչության հետ կապված խնդիրները կուսակցության ներսում բարձրաձայնելու համար:

Սարգսյանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտերիմ շրջապատից էր, 2018-ի հեղափոխության առաջին շարքերում, տևական ժամանակ է՝ լարված հարաբերություններ ունի կուսակիցների հետ: Հրապարակային տարբեր հարցազրույցներում պատճառներից ոչ այնքան բաց, սակայն խոսել է: Վերջին հարցազրույցում արձագանքելով հաղորդավարի հարցին, թե ինչը իրեն չներեց Նիկոլ Փաշինյանը, որ դուրս մնաց ՔՊ ընտրական ցուցակից, Սարգսյանը որոշ փակագծեր է բացել:

Սարգսյանի խոսքով՝ 2024 թվականին կուսակցությունում ընդունված էր փակ ձևաչափով ինքնաքննադատական ելույթներ ունենալ։ Հենց այդ փուլում ինքն էլ որոշել է ներկուսակցական հարթակում բարձրաձայնել մի շարք խնդիրներ, ինչն էլ, Սարգսյանի պնդմամբ, դարձել է իրեն մեկուսացնելու մեկնարկային կետը։

Վարչապետն այսօր Հայկ Սարգսյանի դիրքավորումը որակեց «քաղաքականության մեջ իր տեսած ամենաանազնիվ դրսևորումներից մեկը»։ Կոշտ հակադարձելով Սարգսյանի պնդումներին՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատգամավորի և ՔՊ-ի հարաբերությունները լարվել են բոլորովին այլ պատճառով: Ըստ վարչապետի՝ հենց Սարգսյանն է փորձել օգտագործել իշխանական լծակները՝ արտոնյալ կարգավիճակ ստանալու համար։ Եթե պատգամավորը պնդում էր, թե ինքն է մտահոգված եղել ավազի ապօրինի հանքերի շահագործմամբ, Փաշինյանը հենց նրան մեղադրեց դրանում։

Հայկ Սարգսյանն այսօր անպատասխան թողեց «Ազատության» զանգերը, իսկ Քննչական կոմիտեից հրաժարվեցին քրեական գործից մանրամասներ հայտնել: Պարզ չէ՝ երբ է հարուցվել այն ու ինչ հոդվածով:

Մանրամասները տեսանյութում

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG