Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այս օրերին ընթանում է Գերագույն հոգևոր խորհրդի քառօրյա ժողովը՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախագահությամբ։
Օրակարգում եկեղեցու ներքին ու կանոնական հարցերից բացի ընդգրկված են նաև եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա խնդիրները։ Վարչապետ Փաշինյանը մեկ տարուց ավելի է փորձում է գահընկեց անել Գարեգին երկրորդին, այդ նպատակն ամրագրված է նաև նրա կառավարության նոր ծրագրում: Նշվում է, որ «ապահովվելու է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացումը (հանգստի կոչումը), և սահմանված կարգով իրականացվելու է Կաթողիկոսական տեղապահի ընտրությունը»։
Կառավարությունը այս գործողությունները մտադիր է իրականացնել՝ «Հոգևոր անվտանգության խնդիրն ապահովելու, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիբրիդային պայքարի հենակետ դարձնելու արտաքին ուժերի փորձերը բացառելու համար»։
Կառավարությունը նաև խոստանում է «ապահովել եկեղեցու կանոնադրության ընդունումը, որով պիտի սահմանվեն ֆինանսական թափանցիկության ու հոգևորականների բարեվարքության ապահովման կառուցակարգեր»։ Ծրագրով գործադիրը խոստանում է նաև հոգևոր ծառայողներին սոցիալական երաշխիքների պետական համակարգում ներառել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Կաթողիկոսի և մյուսների գործը հետ ուղարկվեց Արմավիրի մարզի դատարանՄայր Աթոռի փոխանցմամբ՝ Գերագույն հոգևոր խորհուրդը քննարկելու է նաև եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթներն ու 23 դատական գործերը։
Դրանցից մեկով Գարեգին Երկրորդն ու վեց բարձրաստիճան հոգևորականներ մեղադրվում են դատական ակտը չկատարելու համար։ Գործը վերաբերում է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին։ Դատարանը պարտավորեցրել էր նրան վերականգնել թեմի առաջնորդի պաշտոնում, սակայն Մայր Աթոռը դա չարեց, ավելի ուշ նաև կարգալույծ արեց Սարոյանին։ Էջմիածինը պնդում է, որ նման հարցերը դատարանի տիրույթում չեն և տեղի ունեցողը միջամտություն է եկեղեցու ինքնավարությանը։
Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը մեկնարկել է սեպտեմբերի 15-ին և կշարունակվի չորս օր։