ՍԴ-ն կքննի արտերկրում երկար ապրած քաղաքացիների ընտրելու իրավունքը սահմանափակող կարգավորումը

Սահմանադրական դատարանը կքննի արտերկրում երկար ժամանակ ապրած Հայաստանի քաղաքացիներին քվեարկելու իրավունքից զրկող նոր կարգավորման սահմանադրականությունը։

ՍԴ-ն վարույթ է ընդունել նախորդ գումարման Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների դիմումը։ Գործը կքննվի դեկտեմբերի 22-ին՝ գրավոր ընթացակարգով, պատասխանող կողմը Ազգային ժողովն է։

Խոսքը հուլիսի 3-ին ընդունված փոփոխությունների մասին է, որոնցով ընտրելու իրավունքից զրկվում են այն քաղաքացիները, որոնք ընտրացուցակների հրապարակմանը նախորդող երկու տարվա ընթացքում առնվազն մեկ տարի Հայաստանում չեն գտնվել։ Բացառություն է նախատեսված արտերկրում սովորողների և պետական գործուղման մեկնածների համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը սահմանափակող օրենքն ընդունվեց, ընդդիմությունը մտադիր է վիճարկել ՍԴ-ում

Փոփոխություններն ընդունվել էին հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից մի քանի շաբաթ անց՝ հրատապ կարգով։ Իշխանությունը նախաձեռնությունը հիմնավորում էր վերջին ընտրությունների ժամանակ արձանագրված դեպքերով, այդ թվում՝ Ռուսաստանից քվեարկելու նպատակով մեծ թվով քաղաքացիների Հայաստան գալու մասին տեղեկություններով։ Ընդդիմությունը, մինչդեռ, պնդում էր, որ այս կարգավորումը հակասահմանադրական է և անհամաչափ սահմանափակում է քաղաքացիների ընտրական իրավունքը։

ՍԴ դիմելու նախաձեռնության մասին դեռ փոփոխությունների ընդունումից հետո հայտարարել էր նախորդ գումարման «Հայաստան» խմբակցությունը։ Դիմումին միացել էին նաև «Պատիվ ունեմ»-ի և նախկին ՔՊ-ական պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը։

Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Արթուր Վաղարշյանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Լավ օրից չէ, որ գնում ենք նման փոփոխության». ՔՊ-ն արտերկրում ապրողներին զրկելու է ընտրելու իրավունքից«ՔՊ-ի՝ ընտրելու իրավունքը սահմանափակելու նախաձեռնությունը հակասահմանադրական է». սահմանադրագետ «Ափալ-թափալ անցկացնում են». դրսում ապրողներին ընտրելու իրավունքից զրկելու հարցը՝ արտահերթի նիստի օրակարգումԳործող ԱԺ-ն հաջորդ ընտրությունների համար խստացնում է խաղի կանոններըԴրսում ապրող ՀՀ քաղաքացիներին քվեարկելն արգելող և ընտրակաշառքի պատիժը խստացնող օրինագծերն ընդունվեցին առաջին ընթերցմամբ