Հաշտությունից մինչև 100 տոկոս բռնագանձում. մինչև վարչապետի հանձնարարությունը որոշվել էր մեղմացնել օրենքը

Արդարադատության նախարարության շենքը, արխիվ

Ինչո՞ւ է Արդարադատության նախարարությունը փոխել իր առաջարկն ու մեղմելու փոխարեն բացառել հաշտությունը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքում։

«Դուք տեղյակ եք, չէ՞, որ ապօրինի գույքի բռնագանձման համակարգով կա կարգավորում, որ հաշտության դեպքում 25 տոկոսը մնումա, 75 տոկոսը վերադարձվում... Ես հանձնարարել եմ, որ այդ կարգավորումը վերացնեն: Չկա էլևս 25 տոկոս: Չպիտի լինի: Տվել ենք էդ շանսը, ութ տարի չեն օգտվել էդ շանսից: Հիմա պետք ա զրոյացվի: 100 տոկոսը պետք ա վերադարձվի», - հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Օրերս հայտնի դարձավ, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքը կտրուկ կխստացվի։ Վարչապետի այս հայտարարությունից հետո Արդարադատության նախարարությունից «Ազատությանը» հայտնել էին, որ հաշտությունը բացառող նախագիծն արդեն մշակված է և շուտով կդրվի հանրային քննարկման։ Մինչդեռ, նույն նախարարությունը հինգ ամիս առաջ առաջարկել էր մեղմել գործող օրենքը, որն այժմ հնարավորություն է տալիս ապօրինի որակված գույքի 75 տոկոսը տալ պետությանը, մնացած 25 տոկոսը պահել։

«Ազատության» ձեռքի տակ է չհաստատված նախագիծը։ Դրանով Արդարադատության նախարարությունն առաջարկել էր 75-ի փոխարեն 60 տոկոսը տալ պետությանը:

Գործող օրենքը մեղմացնող տարբերակում Արդարադատության նախարարությունը հիմնավորել էր, թե դա կխթանի առավել մեծ թվով հաշտության համաձայնությունների կնքմանը, ինչը թույլ կտա նվազեցնել դատարանների ծանրաբեռնվածությունը։ Ստացվում է՝ Արդարադատության նախարարությունը հիմա հակառակ ճանապարհով է գնում վարչապետի պահանջով։

Կոռուպցիոն հոդվածներով մեղադրյալների նկատմամբ քրեական գործից բացի քաղաքացիական հայցեր կան։ Ապօրինի ծագման գույք հայտնաբերած դատախազությունը բռնագանձման պահանջով դիմում է դատարան, բայց 2020 թվականից գործող օրենքը նաև խրախուսման հնարավորություն է տալիս։ Եթե քաղաքացին համաձայնում է ապօրինի համարվող իր գույքի 75 տոկոսը տալ պետությանը, հարցը փակվում է, գործը դատարան չի հասնում։ Այս հնարավորությունը կա նաև դատարանում։

«Հաշտեցումը լավ գործիք է խնայելու թե՛ ժամանակը, թե՛ գումարները». Իրավապաշտպան

«Այսինքն՝ սա միշտ էլ անսպասելի և անկանխատեսելի գործընթաց է, ուստի երկու կողմն էլ հնարավոր է, որ ձեռք տա, էդ հաշտություններ են կնքեն։ Դրա համար էլ նախատեսված է խրախուսական միջոցը, որ միանգամից առանց դատական ծախսերի, առանց ժամանակ կորցնելու, գան հաշտության», - ասաց իրավապաշտպան Աննա Մելիքյանը։

Ապօրինի գույքի բռնագանձման գործերով են անցնում մի քանի տասնյակ նախկին պաշտոնյաներ՝ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, նախկին պետնախագահ Գագիկ Խաչատրյանը, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և այլոք։ Չկա հաշտեցում նախկին թալանչիների նկատմամբ, մինչ վարչապետը նման նշաձող է սահմանում։ Իրավապաշտպան Աննա Մելիքյանը նկատում է՝ հաշտեցումը լավ գործիք է խնայելու թե՛ ժամանակը, թե՛ գումարները, և հարցը լուծել շատ արագ։

«Մյուս կողմից՝ այս կարգավորումը իրականում թույլ է տալիս բեռնաթափել դատարանը, որովհետև պետք է արձանագրենք, որ այն գործերը, որոնք սկսվել են օրենքի ընդունումից հետո, չորս-հինգ տարի է տևել ամեն մի վարույթով, այսպես ասած, գործընթացը՝ բողոքարկելով և այլն, մինչև որ ինչ-որ հանգուցալուծում է ունեցել։ Այսինքն՝ բավականին երկար գործընթաց, որի շրջանակներում իրականում ոչ մի կողմ, ոչ դատախազությունը, ոչ էլ պատասխանող կողմը չգիտի, թե ինչով կավարտվի գործընթացը», - ասաց նա։

Մելիքյանը, որ գործող օրենքի մշակմանը մասնակցած իրավունքների պաշտպանություն առանց սահմանների կազմակերպությունից է, գործընկերների հետ ուսումնասիրելով դատական պրակտիկան, եզրահանգել է՝ գործընթացը շատ երկար է տևում։ Դատախազությունը մինչև երեք տարի կարող է ուսումնասիրել գործը, իսկ դատարանն էլ՝ չորսից հինգ տարի քննություն անցկացնել։ Ընդ որում՝ Մելիքյանի խոսքով՝ դատական գործընթացը ձգձգվում է հիմնականում դատախազության պատճառով, քանի որ դատարանում հաճախ դատախազները փոխում են հայցապահանջները։

«Սա հերթական անգամ ցույց է տալիս, որ Հայաստանում դատաիրավական բարեփոխումները կամ սեքսասփոփոխությունները այնպես չէ, որ լավ պլանավորված են լինում և ի կատար են ածվում համակարգային: Սա ընդամենը ցույց է տալիս, որ մենք չունենք պատշաճ հիմնավորված և հստակ տեսլական, թե որ ուղղությամբ ենք մենք տանում այս երկրում բարեփոխումները կամ որևէ մեխանիզմի զարգացումը», - ընդգծեց իրավապաշտպանը։

Ըստ դատախազության՝ անցած վեց տարիներին 11 հաշտություն է կնքվել, բռնագանձված գույքի և դրամական միջոցների արժեքը կազմել է 15 միլիոն դոլար։ Պետությունն ավելի քան 1,5 միլիարդ դոլարի հայցեր է ներկայացրել դատարան։ Ստացվում է՝ հաշտության համաձայնությունները այս պահի դրությամբ ընդամենը 1 տոկոս են կազմել։ Սա շատ քիչ է, նկատում է Մելիքյանն ու ոչ արդյունավետ համարում հաշտեցման բացառումը օրենքում։ Միջազգային պրակտիկան ուսումնասիրած Մելիքյանը բերում է Իռլանդիայի օրինակը, որը նույնիսկ հաշտության շեմ չունի, բայց դա չի խանգարում, որ պետությունն ու ապօրինի գույքի գործերով անցնողները գնան այդ քայլին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Ապօրինի ձեռք բերված կոշիկն էլ վերցնելու ենք». Փաշինյանը փոխում է ապօրինի գույքի բռնագանձման համակարգը«Ապօրինի ձեռք բերված կոշիկն էլ վերցնելու ենք». Փաշինյանը փոխում է ապօրինի գույքի բռնագանձման համակարգը Ապօրինի գույքի գործերով բռնագանձվել է ավելի քան 15 միլիոն դոլար. դատախազություն«Հաշտության համաձայնությունը» կհանվի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքից