Իրանի դեմ պատերազմը կավարտվի Կոնգրեսի ընտրություններից հետո. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը, 4-ը սեպտեմբերի, 2026թ.

Իրանի հետ վեց ամսից ավելի տևած պատերազմը կավարտվի նոյեմբերին անցկացվելիք ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից «անմիջապես» հետո, նման համոզմունք է հայտնել ԱՄՆ նախագահը:

«Կարծում եմ՝ պատերազմը կավարտվի ընտրություններից անմիջապես հետո», քանի որ Իրանն այլևս չի կարող դիմանալ»,- Սպիտակ տանը լրագրողներին ասել է Դոնալդ Թրամփը՝ հավելելով, թե Թեհրանն այս ընտրությունների վրա «ազդելու հուսահատ փորձեր» է անում:

Իրանի հետ պատերազմը, ինչպես սպասվում է, մեծ ազդեցություն կունենա ընտրությունների վրա։ Հակամարտությունը շատ ամերիկացիների շրջանում ժողովրդականություն չի վայելում, իսկ պատերազմի պատճառով բենզինի գնի աճն իր հերթին ավելանում է տնտեսական դժվարություններին, որոնց բախվում են ընտրողները:

Լրագրողների հետ զրույցում Թրամփը նաև ասել է, որ ԱՄՆ-ն չի ձգտում Իրանի հետ պատերազմը դադարեցնելու գործարք կնքել, չնայած հավելել է, որ բանակցություններ կարող են տեղի ունենալ։

Տեխասում Հանրապետական կուսակցության միջանկյալ համագումարի բացման արարողությանն էլ Թրամփը պնդել է, որ հաղթում են Իրանի դեմ պատերազմում:

«Մենք կհաղթենք։ Մենք հաղթում ենք։ Մենք վերահսկում ենք Հորմուզի նեղուցը»,- ասել է նա:

ԱՄՆ նախագահը նշել է, որ Պարսից ծոցի և Օմանի ծոցի միջև ջրային ճանապարհը պետք է վերանվանվի «Թրամփի նեղուց»։ «Վստահ եմ, որ դա կուրախացնի Իրանի ղեկավարությանը- ասել է նա:

Թրամփը նաև ասել է, որ Իրանը «51 տարի Մերձավոր Արևելքի ագրեսորն է եղել», բայց այլևս չէ։

Հունիսին Թեհրանը և Վաշինգտոնը փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին՝ ուղղված ռազմական գործողությունների դադարեցմանը, սակայն շաբաթներ անց կողմերը խախտեցին համաձայնագիրը: Վերջին շաբաթներին կողմերը կրկին սկսել են պարբերաբար հարվածներ հասցնել միմյանց:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանը հայտնում է, որ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել երկրի տարբեր շրջաններիԱՄՆ-ն և Իրանը հարվածներ են փոխանակել, նավթի գինն անցել է 100 դոլարըԱՄՆ-ն իրանական 5 լցանավ է ոչնչացրել, Իրանն էլ հայտարարել է՝ Հորմուզում 10 նավի է հարվածել, 2-ը՝ ամերիկյան Թրամփ․ Իրանի դեմ պատերազմի ավարտից հետո նավթի գներն էլ ավելի կնվազենԻրանը սպառնում է հարվածել Ծոցում ամերիկյան էներգետիկ ընկերություններին