ԱՄՆ-ն և Իրանը հայտարարել են, որ փոխադարձ հարվածներ են հասցրել: ԱՄՆ զինված ուժերը հայտարարել է, որ ոչնչացրել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապվող հինգ նավթատար՝ ի պատասխան ամերիկյան ռազմանավի դեմ իրանական հրթիռային հարձակումների։
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության՝ CENTCOM-ի փոխանցմամբ՝ վերջին երկու օրերին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը երկու անգամ բալիստիկ հրթիռներով փորձել է հարվածել ամերիկյան ռազմանավին։ Նավը կարողացել է խուսափել հարվածներից, անձնակազմից ոչ ոք չի տուժել։
Դրանից հետո ամերիկյան ուժերը Օմանի ծոցում հարվածել են չորս, Պարսից ծոցում՝ Խարկ կղզու մոտ, ևս մեկ իրանական նավթատարի։ CENTCOM-ը պնդում է, որ հարվածներից առաջ նավերի անձնակազմերին հրահանգել են լքել դրանք։
Ամերիկյան կողմի պնդմամբ՝ նավթատարներն օգտագործվել են բազմամիլիարդանոց «ստվերային» ցանցում, որի միջոցով ֆինանսավորվել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ու տարածաշրջանում նրա հետ կապվող ուժերը։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն իր հերթին հայտարարել է, որ Պարսից ծոցում հարձակվել է ամերիկյան երկու նավի և ութ նավթատար նավի վրա՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից իրանական նավթատար նավերի վրա հարձակման, հաղորդում են իրանական պետական լրատվամիջոցները՝ հղում անելով կորպուսի հայտարարությանը։
Կորպուսը հայտարարել է, որ հարձակման ենթարկված 10 նավերը փորձում էին հատել Հորմուզի նեղուցի այն տարածքը, որը նրանք նկարագրել են որպես «արգելված և անվտանգ» տարածք։
ԱՄՆ-ն չի հաստատել իրանական կողմի տեղեկությունը:
Սեպտեմբերի 5-ին ամերիկյան ուժերը ևս երեք իրանական նավթատար էին ոչնչացրել՝ հայտարարելով, որ դրան նախորդել էր ամերիկյան ավիակրի և հրթիռային էսկադրային ականակրի դեմ իրանական հարձակման փորձը։
ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական գործողությունները կրկին ակտիվացել են օգոստոսի վերջին՝ շուրջ մեկամսյա դադարից հետո։ Վաշինգտոնն ու Թեհրանը շարունակում են տարաձայնությունները նաև Հորմուզի նեղուցի վերահսկողության, Իրանի միջուկային ծրագրի և պատժամիջոցների շուրջ։