Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է՝ առաջիկայում պետք է փոխել թե՛ խմելու, թե՛ ոռոգման ջրի նկատմամբ վերաբերմունքը, ռեսուրսը կառավարելու մոտեցումները ու նաև սակագները:
«Այսօր Հայաստանի Հանրապետությունում ջրի սակագները արտահայտում են մեր վերաբերմունքը ջրի նկատմամբ», - օրերս Դիլիջանում «Ջրային ոլորտի բարեփոխումներ 2026-2031» աշխատաժողովի ընթացքում հայտարարել էր երկրի ղեկավարը. - «Մենք պետք է արձանագրենք, որ իմ նշած շղթան մենք չենք ամբողջացնի, եթե էս ամեն ինչի հիմքում չլինի համակարգի ծախսարդյունավետության բանաձևի որոշում: Առանց դրա պարզապես հնարավոր չէ: Նախ պետք է օբյեկտիվ սակագին որոշել և անդրադառնալ՝ այդ սակագնի որ մասը ով ինչպես պետք է վճարի: Դե ես ուզում եմ մենք հստակ նաև էս տարբերակենք»:
Թե ե՞րբ ու քանի՞ դրամով կփոխվի սակագինը, դեռ հստակ որոշում չկա, բայց Փաշինյանը ձևակերպեց սկզբունքը՝ այլևս շեշտը սակագինը չբարձրացնելու վրա չեն կարող դնել:
Վարչապետ Փաշինյանը ելույթ է ունենում «Ջրային ոլորտի բարեփոխումներ 2026-2031» աշխատաժողովի ընթացքում, Դիլիջան, 4-ը սեպտեմբերի, 2026թ.
«Սակագների մասին խոսակցությունը պետք է լինի զարգացման տրամաբանության մեջ, որովհետև այդ կոնսերվատիվ տրամաբանությունը, որ «այ, ամեն ինչ անենք, որ հանկարծ չթանկանա կամ քիչ թանկանա», էս խոսույթը մենք պետք է փոխենք ուրիշ բանի, որ «ամեն ինչ անենք, որպեսզի բոլորը ունենան ջուր», - հայտարարեց վարչապետը:
80 տոկոսով բարձրացում կլինի՞
Ջրի սակագնի բարձրացումը տարբեր հանգամանքներից է կախված: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը քննարկման ընթացքում օրինակ է բերել՝ 1 խորանարդ մետր ջուրը մաքրելու համար 180 դրամ է անհրաժեշտ. - «Հետևաբար հասկանում ենք նաև, որ այդ 180 դրամը, որպեսզի դառնա մեր առօրյայի մաս, մենք պետք է սակագինը առնվազն 200-ից դարձնենք 380, հասկանալով, որ այդ մաքրումը տեղի է ունենում շատ կարևոր նպատակներով»:
Արդյո՞ք սա նշանակում է, որ խմելու ջրի սակագինը առաջիկա տարիներին կարող է գրեթե կրկնապատկվել: Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը «Ազատությանը» փոխանցեց, որ կոնկրետ որոշում կամ ծրագիր ջրի սակագնի հետ կապված դեռ չկա: Այժմ ուսումնասիրություններ են արվում, և այդ ուսումնասիրությունների արդյունքներով էլ հնարավոր կլինի ասել, թե ինչ առաջարկ կամ մոտեցում կլինի սակագնի հարցում: Իսկ Դիլիջանում քննարկման ընթացքում Ղալամքարյանն ասել է, որ մինչև 2031 թվականը պայմանավորվել են մի քանի կարևոր նպատակների մասին:
«Ավելի շատ ամբարված ջուր, ավելի քիչ ջրով ավելի մեծ արդյունքի ստեղծում, ավելի շատ մաքրված ջուր, ավելի շատ ոռոգվող և մշակվող հողեր, ավելի պահպանված Սևանա լիճ և ավելի գիտակից հասարակություն»,- ասել է ջրային ոլորտը վերահսկող պաշտոնյան:
Փոփոխությունը սակագնից չպետք է սկսել. փորձագետ
«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանն ասում է՝ ջրի կառավարման ոլորտը շատ տարբեր մոտեցումներ է պահանջում՝ կախված նրանից, թե խոսքը ինչի մասին է՝ խմելու՞, թե՞ ոռոգման ջրի, ջրի ամբարման, թե՞ մաքրման և կեղտաջրերի հեռացման: Մինչ այս, սակայն, հանրությանը ներկայացվում է կենացների նմանվող բարի ցանկությունների շարք: Ինչ վերաբերում է խմելու ջրի սակագնի վերանայմանը, դարձյալ հաշվարկների և գին-որակ հարաբերակցություն գտնելու հարց է առաջանում:
Բաբկեն Պիպոյան
«Վերցնենք «Վեոլիան»: «Վեոլիան» օտարերկրյա ներդրում է՝ Եվրոպայի [խմբ. «Վեոլիան» ֆրանսիական ընկերություն է], պետությունը ատամներով ամեն ինչ անելու է, որպեսզի «Վեոլիայի» հետ կապված որևէ խնդիր չլինի: Լավ, դրան զուգահեռ մենք տեսնում ենք, թե ինչ ծավալի դժգոհություններ ունի մեր սպառողը «Վեոլիայից» և ինչ խայտառակ սպասարկում է: Ի՞նչ ենք տեսնում սրան զուգահեռ, երբ որ մեր հասարակությունը խոսում է. գործադիրի մակարդակով ասում են, որ «մենք պետք է, հնարավոր է...» վերացական ձևակերպում՝ «մենք պետք է մաքսիմալ լավ օգտագործենք «Վեոլիայի» հնարավորությունները և ռեսուրսները»: Հիմա մի հատ կլինի՞ կոնկրետացնեք՝ «մենք պետք է ավելի լավ օգտագործենքը» ինչի՞ մասին է», - հարցնում է փորձագետը:
Փոփոխությունները ոլորտում, ըստ Պիպոյանի, խիստ անհրաժեշտ են, բայց դրանք սակագնից չէ, որ պետք է սկսվեն. - «Ոլորտը լուրջ փոփոխությունների կարիք ունի, և էդ փոփոխությունները չեն սկսում գնաճով: Համակարգային, ֆունդամենտալ փոփոխություններ են անհրաժեշտ էս ոլորտի կառավարման համակարգում»:
Վերջին անգամ ջուրը թանկացել է 4 տարի առաջ
Դեռ 2018 թվականին խորհրդարանական ընտրությունների նախաշեմին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր, որ մինչև 2024 թվականը Հայաստանում խմելու ջուրը չի թանկանալու, բայց սակագինը վերանայվեց 2022 թվականին, ջուրը թանկացավ 20 դրամով բոլորի համար, բացի անապահովներից, և կազմեց 200 դրամից մի փոքր ավելի:
2023 թվականին ևս մեկ թանկացում եղավ 8 դրամով, որը, սակայն, սպառողները չզգացին, քանի որ կառավարությունը սուբսիդավորեց 200 դրամը անցնող մասը խմելու ջրի համար:
Հիմա էլ հիմնական սպառողները վճարում են 200 դրամ 1 խորանարդ մետրի համար, իսկ անապահովները՝ 180 դրամ:
Այս օգոստոսի վերջին «Վեոլիա ջուրը» դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով և առաջարկել 2027 թվականին ևս ոչինչ չփոխել սահմանված սակագներում: Դատելով պաշտոնյաների հայտարարություններից՝ արդյոք առաջիկայում ընկերությունը նորից կդիմի սակագնի բարձրացման հարցով, դեռ հստակ չէ: