Ջրամատակարարման գրաֆիկի վերաբերյալ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի քննադատական տեսանյութին հարյուրավոր օգտատերեր էին արձագանքել: Ճնշող մեծամասնությունը դժգոհել էր, որ «Վեոլիա Ջուր»-ը սահմանված գրաֆիկից քիչ ժամով է ջուր տալիս։ Որոշ հասցեներում ջուրն օրական 6 ժամից էլ քիչ է լինում, մեծ հաշվով՝ «Վեոլիա Ջուրն» այս պնդումները չի ընդունում:
Հովհաննիսյանը քաղաքացիների բողոքներն ուղարկել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ Ասաց՝ ստացված բողոքներից առանձնացրել է կոնկրետ հասցեների վերաբերյալ գրառումները:
Հանձնաժողովից, սակայն, Հովհաննիսյանին պատասխանել էին, որ բողոքները հստակ չափելի և փաստարկված չեն, իսկ նշված ժամկետները հնարավոր չէ ստուգել. «Ի՞նչ անեմ, նոտարով գնամ երդման հավաստիացում անեմ, ասեմ՝ ես երդվում եմ, որ Նոր Եդեսիա բնակավայրը ջուր է ստանում երկու ժա՞մ, թե՞ այդ մարդիկ ասեն՝ «մենք երդվում ենք, որ այդքան են ջուր տալիս»։ Սա ծաղր է։ Առաջ ընդունված էր, մոնիտորինգի խմբեր էին կազմում։ Թող գնան ստուգեն, բա իրենց բան ու գործի անունը ի՞նչ է»։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից «Ազատությանը» ևս ասացին՝ բողոքները փաստագրված չեն։ Հանձնաժողովի անդամ Կամո Սարգսյանի խոսքով՝ միայն գյուղը կամ բնակավայրը նշելը բավարար չէ։ Պետք է նշվի կոնկրետ հասցեն, և բողոքը պետք է ուղարկի հենց այդ հասցեի բաժանորդը։
Այդ դեպքում, ըստ նրա, հանձնաժողովը կարող է կոնկրետ ուսումնասիրել խնդիրը և անհրաժեշտության դեպքում վերահսկողության մեխանիզմներ կիրառել, օրինակ՝ օնլայն մոնիթորինգի սարք տեղադրել:
«Պետք է կոնկրետ հասցե լինի, որպեսզի հասցեի միացման կետում տեղադրվի լոգեր, դա չափիչ սարք է, օնլայն ցուցմունքը հաղորդում է, ընդ որում տեղադրվում է 5-7 օր և նույնիսկ ավել, որպեսզի կարողանանք միջին ջրամատակարարման գրաֆիկը, շեղումները տեսնել։ Ամբողջ գյուղի մասին, եթե փորձենք կարծիք կազմել, գյուղը կարող է ունենալ 12 ժամ ջուր, բայց բաժանորդը ունենա չորս ժամ, այսինքն մի քանի թևերի վրա յուրաքանչյուրին չորս-չորս ժամով, երկու-երկու ժամով, վեց-վեց ժամով բաժանվի այդ ջուրը», - ասաց Կամո Սարգսյանը։
Նախորդ տարի «Վեոլիա Ջուր»-ը հայտարարել էր, որ մայիսի 1-ից սեպտեմբերի 16-ը մի շարք բնակավայրերում ջրամատակարարումը գիշերը՝ 00։00-ից մինչև 07։00-ն, անջատվելու է։ Բուռն դժգոհություններից հետո գրաֆիկը փոխվեց։
Արդեն հրապարակված նոր գրաֆիկով՝ այս տարվա ամռանը մարզերի շուրջ 130 բնակավայրերում ջրամատակարարումը նախատեսված է օրական 6 ժամ, իսկ ավելի քան 300 հասցեներում այն շուրջօրյա է։
Ու չնայած այս պաշտոնական գրաֆիկին՝ արդարադատության նախկին նախարարի խոսքով՝ իրեն հրապարակավ գրում ու բողոքում են, որ իրականում ջրամատակարարման գրաֆիկը տասնյակ հասցեներում չի պահպանվում։
ՀԾԿՀ-ից արձագանքում են՝ այո, կան որոշ բնակավայրեր, որոնց դեպքում խնդիրը դեռ լուծված չէ. «Մոտավորապես ինը գոտի, ութ բնակավայր, համաձայնագրով ջրային կոմիտեի և «Վեոլա»-ի, պետք է լիներ ներքին ցանցի ներդրումներ, ձգձգվել են, ջրամատակարարումը բավարար չափի չի, բայց քանի որ բնակավայրը չունի ներքին ցանց բավարար չափի, պարզապես ջրամատակարարումը դժվարանում է և այնտեղ նոր ներդրումների խնդիր է առաջանում, պետք է ջրամատակարարման համակարգը փոխվի»։
Արդարադատության նախկին նախարար, իրավաբան Արփինե Հովհաննիսյանը, որ իր սոցիալական էջերով նաև ջրի որակի ու ջրամատակարարման խնդիրների մասին է խոսում, կարծում է՝ «Վեոլիա Ջուրն» ու կառավարությունն իրար, այսպես ասած, հասկանում են։
«Ազատության» հարցին, թե ի՞նչ նկատի ունի, նա պատասխանեց. «Այն ծավալը, որը նախատեսված է եղել պայմանագրով, չի անում պետությունը, դրա համար է «Վեոլիա ջուր»-ը այսպես վարվում քաղաքացիների հետ, ու պետությունն էլ դրա համար է, որ չի կարողանում «Վեոլիա ջրի» հետ իր հարաբերությունները կառուցի ավելի պահանջատիրական»:
ՀԾԿՀ-ից արձագանքեցին՝ «Վեոլիա Ջրի» ջրամատակարարման պայմանների խախտումների համար վերջին 5 տարիներին հազարավոր բաժանորդներ են փոխհատուցումներ ստացել: Կամո Սարգսյանի խոսքով՝ եթե 2021-ին 138 բաժանորդ էր փոխհատուցում ստացել, ապա 2025-ին այդ թիվը հասել է 1453-ի: Փոխհատուցումների ընդհանուր գումարն էլ 184 հազար դրամից հասել է ավելի քան 2,1 միլիոն դրամի։ Այս տարվա թվերը դեռ ամփոփված չեն:
Եթե բաժանորդը բողոքում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, նշում կոնկրետ բնակավայրը, հասցեն, թե որ ժամերին է, իր պնդմամբ, «Վեոլիա Ջուր»-ը խախտում սահմանված գրաֆիկը, դա ապացուցելու դեպքում նա առավելագույնը 2000 դրամ փոխհատուցում է ստանալու։
Ջրի որակից ու ջրամատակարարման գրաֆիկից տարիներ շարունակ դժգոհող բաժանորդներին կառավարությունից ասում են՝ համակարգի բարելավման համար պետությունը ներդրումներ է անում, քանի որ «Վեոլիա Ջուր»-ը համակարգը 2017-ին ստանձնել է 80 տոկոս մաշվածությամբ և գրեթե 90 տոկոս ջրի կորուստով։
Ըստ պաշտոնյաների՝ կորուստներն այդ ընթացքում նվազել են՝ հասնելով մինչև 50 տոկոսի։
Այս տարի էլ խորհրդարան հաստատել է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից ավելի քան 70 միլիոն եվրոյի վարկ վերցնելու ծրագիրը։ 25 միլիոն դոլարը նախատեսվում է ուղղել ջրամատակարարման ու ջրահեռացման, իսկ 120 միլիոնը ոռոգման համակարգերի վերակառուցման ու հիմնանորոգման աշխատանքներին։
Արդարադատության նախկին նախարարը, սակայն, ասում է՝ մինչև այս աշխատանքներն իրենց արդյունքը տան, բաժանորդները կշարունակեն տեղ-տեղ անորակ ջուր խմել, տեղ-տեղ էլ անգամ վեց ժամից քիչ ջուր ունենալ։