Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ հորը՝ Ռոբերտ Քոչարյանին «շատ էին ուզում» դատարան տանել՝ կալանքի որոշման համար, սակայն բժիշկները թույլ չեն տվել:
«Էսօր առավոտյան 8-ին լրանում էր ձերբակալման որոշման ժամկետը, և նորից 24-ժամյա ռեժիմով նոր որոշմամբ գնացել են: Տեսնենք... կարծում եմ նպատակը ամեն գնով դատարան բերելն է լինելու», - ասաց Լևոն Քոչարյանը, նշելով, որ
այն, ինչ տեղի է ունենում իր հոր և եղբոր դեմ, ոչ թե «իրավական գործընթաց» է, այլ մեկ հոգու «բացահայտ, ապօրինի, լկտի ցուցում, որին հանցակից են դառնում իրավապահ և դատական համակարգի ներկայացուցիչները»:
Իշխանությունը հերքում է քաղաքական հետապնդումը՝ վստահեցնելով, որ իրավապահները ետ են բերում Քոչարյանների ապօրինի ունեցվածքը:
Նախկին նախագահը, որը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառքի և փողերի լվացման հոդվածներով, երեկվանից հիվանդանոցում է: Հստակ չէ, թե իրավապահները երբ կտանեն նրան դատարան՝ կալանավորելու նպատակով: Քոչարյանի ինքնազգացողությունը երեկ վատացել էր հենց Հակակոռուպցիոն կոմիտեում, և նա տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց:
Ըստ Լևոն Քոչարյանի, հոր դեմ քրեական գործի հիմքում որևէ նոր բան չկա, այդ դրվագներով հայց կա դեռ 2018-ից, և 2023 թվականից քննվում է Հակակոռուպցիոն դատարանում: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, կինը, երկու որդիները, նրանց կանայք, դուստրն ու նրա ամուսինը անցնում են ապօրինի գույքի բռնագանձման գործով: Ըստ «Դատալեքս»-ի՝ այս գործով վերջին նիստը տեղի է ունեցել 2024 թվականի հունվարին, կայացված որոշումներ չկան:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Սեդրակ Քոչարյանի ու ևս 3 հոգու նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը«3 երեխաները մնացել են առանց մոր»
Լևոն Քոչարյանը անդրադարձավ իր հորն առնչվող գործով մեղադրյալ Կոնդի առանձնատների տնտեսության տնօրենի պաշտոնը զբաղեցրած և շինարարական գործունեություն իրականացնող «Այգեձոր» ՍՊԸ-ն ղեկավարած Արամայիս Ոսկանյանին, որի ընտանիքի 3 անդամներին՝ կնոջն ու 2 դուստրերին կալանավորել են: Ինքը՝ Ոսկանյանն, ի տարբերություն ընտանիքի անդամների, տնային կալանքի տակ է:
Քոչարյանը նշեց, որ կալանավորված աղջիկներից մեկը ամուսին չունի, 3 երեխա ունի, որից 2-ն անչափահաս են:
«Ու էս կնոջը տարել են կալանքի, ապշում ես ուղղակի ո՞նց կարող է նման միջնորդություն մտնի դատարան, և դատարանն էլ որոշի, որ այդ կինը պետք է լինի բանտում: Էդ երեխեքին հիմա ո՞վ պետք է պահի», - ասաց Լևոն Քոչարյանը: