Չալաբյանը ազատ արձակվեց․ դատարանը վերացրեց խափանման միջոցը

Մի խումբ անձանց ընտրելու իրավունքը խոչընդոտելու նախապատրաստության մեղադրանքով կալանավորված Ավետիք Չալաբյանի խափանման միջոցը վերացվեց, դատավորը նրան առաջին նիստի ընթացքում հենց դատարանի դահլիճից ազատ արձակեց:

Դատարանի բակում երկու ամսվա կալանքից հետո լրագրողների հետ իր առաջին զրույցում Ավետիք Չալաբյանը իր ու մյուս ազատազրկվածների պահման պայմանները ոչ միայն պատիժ, այլև խոշտանգում որակեց. «Կալանավորների պահման պայմաններն էդ կալանավայրերում վատ են, որովհետև գերբեռնված են, հակասանիտարական վիճակ է, պատերը՝ նեխած: Մարդ, որ մի անգամ մտնի դա տեսնի, կհասկանա, որ դա ընդհանրապես կալանավորների խոշտանգելու միջոց է»:

Ընտրություններին ընդառաջ «Ուժեղ Հայաստան» դաշինքի հետ համագործակցության հուշագիր ստորագրած «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանն իր հանդեպ տեղի ունեցողը քաղաքական հետապնդում անվանեց:

«Ազատության մեջ իմ հաջորդ քայլն իմ աջակիցներին մոտենալը և ողջունելն է, բնականաբար, էս մեղադրանքը քարը քարի վրա չթողնելն է», - նշեց նա:

Ըստ իրավապահների՝ «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանն այլ պետության պաշտոնյաների հետ է հանդիպել, նրանց դրդել, որ իրենց ազդեցությունն օգտագործեն ու գործարարների միջոցով նրանց կազմակերպություններում աշխատող մարդկանց ուղղորդեն գալ Հայաստան ու քվեարկել ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին: Որպես ապացույց ներկայացնում են տարածված ձայնագրությունը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ավետիք Չալաբյանը «ծայրից ծայր սուտ» է որակում իր մեղադրանքը

Այսօր այս գործով առաջին դատական նիստն էր, մինչ ազատ արձակվելը «Հայաքվե»-ի համակարգող Ավետիք Չալաբյանը նիստերի դահլիճում այս գործն իրականության նենգափոխում որակեց. նա, սակայն, չի հերքում, որ նման հանդիպում եղել է:

Այս գործով նախաքննությունը 1.5 ամիս էլ չտևեց, ինչպես պարզվեց այսօրվա նիստի ընթացքում` գործով նույնիսկ մեկ վկա չկա, պաշտպանները նաև հենց այս հանգամանքը մատնացույց անելով խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացրեցին. եթե վկա չկա, ինչպե՞ս կարող է Ավետիք Չալաբյանն ազդել նրանց վրա: Պաշտպաններն առաջարկեցին որպես խափանման միջոց գրավը կիրառել, դատավոր Դավիթ Բալայանը, սակայն, այն ընդհանրապես վերացրեց, թեև մեղադրող կողմն իր հերթին միջնորդել էր երկարաձգել կալանքը:

Ինքը՝ Չալաբյանը նիստից հետո անկեղծացավ՝ նման որոշում չէր սպասում. «Չէի կարող կանխատեսել, որովհետև իրավական հարթության մեջ, բնականաբար, դատավորն ընդունել է իրավաբանության տեսակետից միակ հնարավոր որոշումը, բայց բոլորդ գիտեք, որ մեր երկրում միշտ չի, որ իրավունքը գործում է, ուստի ուզում եմ հատուկ անդրադառնալ դատավորի դրսևորած արդարամտությանը, նրան, որ առաջնորդվել է օրենքով: Հուսով եմ, որ մյուս դատավորներն էլ օրինակ կվերցնեն»:

Հաջորդ դատական նիստը կկայանա նոյեմբերի 17-ին, Չալաբյանի ազատ արձակումը դատախազությունը կարող է բողոքարկել երեք օրում:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Չալաբյանը կալանավորվեց երկու ամսովՁերբակալվել է «ՀայաՔվե»-ի համակարգող Ավետիք ՉալաբյանըՉալաբյանը կալանավորվեց երկու ամսով․ պաշտպանական կողմը կբողոքարկի որոշումը