«Մեր գործընկերների էդ ուղերձը տվել եմ, որ կարծում եմ չափազանցությունների մեջ պետք չի ընկնել», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով կալանավորված ընդդիմադիր գործիչ Արեգնազ Մանուկյանի դեպքին, ում արգելվել էր ավելի քան մեկ ամիս շփվել անչափահաս դստեր հետ:
Այդ արգելքի հետևանքով երեխայի մոտ հոգեբանական խնդիրներ են առաջացել, այժմ նրա հետ մասնագետ է աշխատում: Միայն բարձրացված աղմուկից հետո, երեկ քննիչը թույլ տվեց երեխային՝ իր իսկ ծննդյանը օրը կալանավայրում տեսակցել մորը:
Լրագրողներն այսօր Փաշինյանին հիշեցրեցին՝ ժամանակին հենց ինքն էր քննադատում արատավոր այս երևույթը, երբ հետապնդվող անձին զրկում են տեսակցել երեխաների հետ: Վարչապետն ընդունեց, որ խնդիրը կա, նշելով, թե «առիթ է եղել, և ինքն իր դիրքորոշումը արտահայտել է» այս հարցի առնչությամբ:
Դեռևս 2017-ին, ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սուր քննադատության էր ենթարկել Գլխավոր դատախազին՝ այն ժամանակ կալանավորված ընդդիմադիր գործիչ Ժիրայր Սեֆիլյանի գործով: Իրավապահներն այդ ժամանակ էլ արգելում էին Սեֆիլյանին իր 11-ամյա տղայի հետ շփվել:
«Եթե այդ մարդկանց տեսակցություն տված լինեին, և պարզվեր, որ օրինակ՝ Ժիրայր Սէֆիլյանի 11-ամյա տղան փորձում է նրան ատոմային ռումբ փոխանցել, կհասկանայինք: Բայց ուղղակի արգելք դնելը հաշվեհարդար է. խոշտանգումը ո՞րն է, պարտադիր է եղունգները քաշե՞ն, դա էլ է խոշտանգում», - ասել էր ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: