Մոսկվան անհրաժեշտության դեպքում կպաշտպանի Ադրբեջանի կողմից միջազգային հետախուզման մեջ հայտարարված Ռուսաստանի երեք քաղաքացիների իրավունքներն ու շահերը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
«Անհրաժեշտության դեպքում կապահովենք մեր քաղաքացիների օրինական իրավունքների և շահերի պաշտպանությունը՝ Ադրբեջանի գլխավոր դատախազության՝ նրանց միջազգային հետախուզման մեջ հայտարարելու որոշման համատեքստում», - ասել է Զախարովան։
Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը միաժամանակ ընդգծել է, որ ռուսաստանցիների այն հայտարարությունները, որոնց պատճառով Բաքուն նրանց նկատմամբ քրեական հետապնդում է սկսել, չեն արտացոլում Ադրբեջանի հետ հարաբերությունների վերաբերյալ Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումը։
Զախարովան նաև դժգոհել է, թե Ադրբեջանի տեղեկատվական դաշտում պարբերաբար Ռուսաստանի նկատմամբ «ոչ բարեկամական խոսույթներ» են հնչում։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը նախօրեին միջազգային հետախուզում էր հայտարարել «Մոսկվա 24»-ի լրագրող Իվան Կնյազևի, Ռուսաստանի տրանսպորտի նախարարի խորհրդական Ալեքսեյ Չադաևի և մեդիափորձագետ Սեմյոն Ուրալովի նկատմամբ։ Բաքուն նրանց մեղադրում է Ադրբեջանի սահմանադրական կարգի բռնի փոփոխության, տարածքային ամբողջականության խախտման, ազգային թշնամանք հրահրելու և ահաբեկչության հրապարակային կոչերի համար։
Ադրբեջանական դատախազության պնդմամբ՝ երեք ռուսաստանցիները հուլիսին և օգոստոսին հեռարձակված հաղորդումների ընթացքում նաև Ադրբեջանի և նրա որոշ քաղաքացիների նկատմամբ բռնության կոչեր են հնչեցրել։