ԵԱՏՄ սկզբունքների չաշխատելը միայն Հայաստանի խնդիրը չէ, ողջ ԵԱՏՄ խնդիրն է. Պապոյան

Եվրասիական տնտեսական միության սկզբունքների չաշխատելը միայն Հայաստանի խնդիրը չէ, ողջ ԵԱՏՄ խնդիրն է, լրագրողների հետ զրույցում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցին և ԵԱՏՄ սահմանափակումներին:

«Մենք այդ կազմակերպությանը վերաբերվում ենք որպես մեր կազմակերպության, ու մենք չենք կարող այդ կազմակերպության որևէ չաշխատող մեխանիզմի նկատմամբ ունենալ չեզոք կամ կրավորական կեցվածք», - ասաց Պապոյանը:

Հուլիսի 27-ին Պուտինի հետ հեռախոսազրույցում Փաշինյանն ընդգծել էր, որ հայաստանյան ծագման ապրանքների՝ ռուսական շուկա արտահանման սահմանափակումները հակասում են Հայաստան–Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին ու Եվրասիական տնտեսական միության կարգավորումներին, և խնդրել է միջոցներ ձեռնարկել՝ այս խնդիրները կարգավորելու ուղղությամբ :

«ԵԱՏՄ օրենսդրության համաձայն բոլոր երկրները պարտավոր են ապահովել ծառայությունների, ապրանքների, աշխատուժի ազատ տեղաշարժը: Ցանկ կա: Եթե դա չի ապահովվում, նշանակում է, որ ԵԱՏՄ օրենսդրությունը և ԵԱՏՄ ձևավորման սկզբունքները չեն աշխատում: Մենք որպես ԵԱՏՄ լիարժեք անդամ և երկիր, որը մտահոգված է ԵԱՏՄ-ի ճակատագրով՝ ուզում ենք, որ ԵԱՏՄ-ն լինի ու աշխատի, ոչ թե ՀԱՊԿ-ի նման», - ասաց Էկոնոմիկայի նախարարը:

«Մենք կարծում ենք, որ այս համակարգի հետ պիտի աշխատել, որովհետև այն հանգամանքը, որը Արաբական Միացյալ Էմիրություններում վաճառվում է, Եվրոպական միության շուկայում վաճառվում է, Չինաստանում վաճառվում է, հնարավոր չի, որ չկարողանա վաճառվել Ռուսաստանում», - հավելեց Պապոյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Պուտինը կրկին պահանջել է հանրաքվե անցկացնել՝ ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալՊուտին-Ալիև հեռախոսազրույց է կայացել