Ուկրաինական հարվածներից Ռուսաստանում կրկին Wildberries-ի պահեստներ են այրվել, կան տուժածներ

Ռուսաստանում անցած գիշեր ուկրաինական անօդաչուների հարձակումների հետևանքով հրդեհներ են բռնկվել Wildberries առցանց առևտրի ընկերության պահեստներում։ Հարվածների մասին տեղեկություններ կան Լենինգրադի և Տվերի մարզերից, ինչպես նաև Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմից։

Լենինգրադի մարզի Նովոսարատովկա գյուղում այրվել է Wildberries-ի խոշոր պահեստներից մեկը։ Մարզպետ Ալեքսանդր Դրոզդենկոյի խոսքով՝ երեք մարդ է տուժել, նրանց բժշկական օգնություն է ցուցաբերվում։

Ընկերությունը հայտնել է, որ Սանկտ Պետերբուրգում գտնվող երկու լոգիստիկ համալիրների աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է։

Ռուսական տելեգրամյան ալիքները գրել են նաև Տվերի և Սիմֆերոպոլի Wildberries-ի կենտրոններին հասցված հարվածների մասին։ Սիմֆերոպոլում աշխատակիցներին տարհանել են։

Ղրիմի Սուդակ քաղաքում, ըստ դեռևս չհաստատված տեղեկությունների, հարված է հասցվել նաև էլեկտրական ենթակայանի։ Դրանից հետո քաղաքում հոսանքազրկում է եղել, իսկ որոշ հատվածներում խափանվել է նաև ջրամատակարարումը։

Wildberries-ի պահեստները վերջին օրերին արդեն մի քանի անգամ են հարձակման ենթարկվել։ Հուլիսի 18-ին Մոսկվայի և Տամբովի մարզերում ընկերության երկու պահեստների վրա հարվածների հետևանքով ութ մարդ էր զոհվել, մոտ 50-ը՝ վիրավորվել։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ այդ լոգիստիկ կենտրոններն օգտագործվել են անօդաչուների և նավիգացիոն սարքավորումների արտադրության համար անհրաժեշտ պատժամիջոցային բաղադրիչներ մատակարարելու նպատակով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հարվածներ Wildberries-ի լոգիստիկ կենտրոններին. տուժում են նաև հայաստանցի վաճառողները«Ներգրավված էին ռուսական բանակի մատակարարման գործում». Զելենսկին հաստատել է Wildberries-ի պահեստների վրա հարձակումըՈւկրաինան հարվածել է Wildberries-ի պահեստներին, տուժածներ կանՄերձմոսկվայում ԱԹՍ-ները հարվածել են նավթաբազային, Wildberries-ի պահեստին, Բելգորոդի, Բրյանսկի և Կուրսկի մարզերում 3 մարդ է զոհվելՈւկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի լոգիստիկ կենտրոնին, կան զոհեր